Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը մտադիր է բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի սակագինը


«Մեզ համար բավական դժվար կլինի պահպանել Հայաստան մատակարարվող գազի սակագինը», - հինգշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը:

Եթե այսօր Հայաստան մատակարարվող գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար 56 դոլար է, ապա, նրա խոսքերով, 1-1,5 տարի հետո այն կգերազանցի 60 դոլարը:

Ըստ «Ռեգնում» գործակալության, Ռյազանովը նշել է, թե Հայաստան է մատակարարվում հիմնականում թուրքմենական, ինչպես նաեւ ուզբեկական ու ղազախական գազը, իսկ այդ երկրները կողմնորոշվում են եվրոպական գներով եւ գնում են սակագների կտրուկ բարձրացման ճանապարհով:

Ալեքսանդր Ռյազանովը նաեւ հայտարարել է, թե լուծված չէ մատակարարված գազի դիմաց Հայաստանի 46 միլիոն դոլարի պարտքի խնդիրը:

«Հարկ է նշել, որ Հայաստանում գազի սպառման ծավալները աճում են՝ չնայած ներքին շուկայում գազի բավականին բարձր սակագներին», - հայտարարել է ռուսաստանյան հոլդինգի վարչության նախագահի տեղակալը՝ նշելով նաեւ, որ առաջիկայում «Գազպրոմ»-ը նախատեսում է ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները:

Նա նաեւ հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը բացասաբար է վերաբերում իրանական գազի արտահանմանը Ուկրաինա եւ Եվրոպա, քանի որ շրջանառվող տարբերակներից ոչ մեկը (Իրան - Հայաստան - Վրաստան - Ռուսաստան - Ուկրաինա կամ Իրան - Հայաստան - Վրաստան - Սեւ ծով - Ուկրաինա) «իրատեսական եւ տնտեսապես շահավետ չեն»:

2004 թվականին Հայաստանը ներմուծել է 1 միլիարդ 322 միլիոն խորանարդ մետր գազ, 2005-ին այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 1,7 միլիարդ խորանարդ մետրի: 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնական գազից օգտվում են 270 հազար բաժանորդներ (խորհրդային շրջանի բաժանորդների 55,6 տոկոսը): Մինչեւ 2007 թվականը Հայաստանի գազաֆիկացումը ավարտելու նպատակով «Հայռուսգազարդ» ընկերությունը նախատեսում է ներդնել 45,3 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG