Մատչելիության հղումներ

Ռազմակայանների հարցում ռուս-վրացական հարաբերություններում առաջընթաց է նկատվում


Վրացական կողմի պնդմամբ, որոշակի առաջնթաց է արձանագրվել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ռուսաստանյան ռազմակայանների հարցում, եւ բոլոր նախանշանները վկայում են, որ կողմերին կհաջողվի հասնել փոխզիջման:

«Կավկազպրես» գործակալությունը փոխանցում է Վրաստանի նախագահի խոսնակ Գելա Չարկվիանիի խոսքերը, թե նախօրեին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ռուսաստանյան ռազմակայանների դուսբերման շուրջ բանակցությունները շարունակել մարտի 23-24-ին Մոսկվայում:

Պատասխանելով Բաթումիում եւ Ախալքալակում ռուսաստանյան ռազմակայանների փոխարեն հակաահաբեկչական կենտրոնների ստեղծման հնարավորության մասին հարցին, Չարկվիանին ասել է, թե այդ հարցը այժմ քննարկման փուլում է:

Գուդաուտայում նախկին ռուսաստանյան ռազմակայանի փոխարեն հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման նախաձեռնությամբ օրերս հանդես էր եկել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշը:

1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում Ռուսաստանը պարտավորվել էր մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ի դուրս բերել Վրաստանի տարածքում տեղակայված իր բոլոր ռազմակայանները: Մինչ այժմ դրանք դուրս են բերվել Վազիանիից եւ Գուդաուտայից: Բաթումիի եւ Ախալքալակի ռազմակայանները առայժմ մնում են Վրաստանում:

Ռուսաստանյան կողմը բազմիցս նշել է, թե շուրջ 4 հազար զինվորականների եւ ռազմական տեխնիկայի դուրսբերումը կարճ ժամկետներում հնարավոր չէ իրականացնել:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, պաշտոնական Կրեմլը նախատեսում է ռազմակայանները վերատեղակայել Դաղստանում եւ Կարաչաեւո-Չերկեսիայում:

Վրաստանում, մինչդեռ, դրանց շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մասնավորապես, մարտի սկզբից Հայաստանում է գտնվում Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների հրամանատար, գեներալ Ալեքսանդր Բեսպալովը, ով ապարդյուն փորձում է Վրաստան մուտքի արտոնագիր ստանալ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG