Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «առաջատար դիրքերում է» կոռումպացվածության աստիճանով


Transparency International միջազգային կազմակերպության չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում կոռումպացվածության աստիճանով Ադրբեջանը աշխարհի 7-րդ պետությունն է:

«Կոռուպցիայի վիճակը աշխարհում 2005 թվականին» վերնագրով տարեկան զեկույցում, «Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը 140-րդ տեղում է 146 երկրների ցուցակում՝ կոռումպացվածության աստիճանով «զիջելով» միայն Նիգերիային, Չադին, Անգոլային, Սուդանին, Վենեսուելային եւ Լիբիային:

Transparency International-ը նախազգուշացրել Է, որ Ադրբեջանի խորհրդարանի կողմից 2004 թվականին ընդունված եւ այս տարվա հունվարից ուժի մեջ մտած «Կոռուպցիայի դեմ պայքարի» նոր օրենքը արդյունավետ չԷ. - «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին ավելի շատ խոսվում է, քան բուն պայքար է իրականացվում»:

Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթի փոխանցմամբ, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշը նշել է, թե կոռուպցիայի առումով իրավիճակը երկրում լուրջ խնդիրներ է ստեղծում եւ, իհարկե, կունենա իր հետեւանքները:

««Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան օգնության ծրագրում Ադրբեջանի չընգրկվելը բացատրվում է երկրի տնտեսության մեջ թափանցիկության բացակայությամբ», - հայտարարել է Հարնիշը:

Հարավկովկասյան մյուս երկու երկրները՝ Հայաստանն ու Վրաստանը ընդգրկված են Միացյալ Նահանգների կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG