Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ Կոնգրեսը չեղյալ է հայտարարել 1 միլիարդ դոլարի դրամաշնորհի տրամադրումը Թուրքիային


Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, նախագահ Բուշի խնդրանքով ԱՄՆ Կոնգրեսը չորեքշաբթի օրը որոշել է չեղյալ հայտարարել պատերազմի արդյունքում Իրաքում կրած վնասների հատուցման համար Թուրքիային 1 միլիարդ դոլարի դրամաշնորհ տրամադրելու որոշումը:

Դրամաշնորհը տրամադրելու պայմաններից մեկն այն էր, որ Թուրքիան համաձայնել էր չտեղակայել իր զինված ուժերը քրդերով բնակեցված Հյուսիսային Իրաքում: Անկարան իր մտահոգությունն էր հայտնել Իրաքում քրդերի աճող ազդեցության կապակցությամբ՝ վախենալով, թե Իրաքում քրդական անկախ պետության ստեղծումը կարող է բերել Թուրքիայում բնակվող քրդերի ակտիվացմանը:

«Մենք ողջունում ենք նախագահ Բուշի վարչակազմի առաջարկը եւ օգնության ցուցաբերումը չեղյալ հայտարարելու մասին Կոնգրեսի որոշումը», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Էնտոնի Բարսամյանը:

Ամերիկայի հայկական համագումարը նշում է, թե մինչ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, անվտանգության ոլորտում ԱՄՆ - Հայաստան հարաբերությունները վերջին ամիսներին գնալով զարգանում են:

Նախագահ Բուշի գնահատմամբ, Հայաստանը Միացյալ Նահանգների «կարեւոր գործընկերն է» ահաբեկչության դեմ պատերազմում:

Անցած դեկտեմբերից Իրաքում է գտնվում վարորդներից, սակրավորներից ու բժիշկներից կազմված հայկական ստորաբաժանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG