Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում չորեքշաբթի օրը ասաց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «հեռու է լուծման փուլից»:

«Ղարաբաղի խնդիրը շատ հեռու է լուծման փուլից: Չկա այդ լուծումը ներկա փուլում»:

Նրա կարծիքով, ներկա պայմաններում կողմերը ի վիճակի չեն մեծ զիջումների գնալ, քանի որ պատրաստ չեն իրենց վրա վերցնել փոխզիջումների պատասխանատվությունը:

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղի կողմից ինչպիսի հնարավոր զիջումներ է տեսնում, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Որ փոխզիջում պետք է կատարվի, ինչ-որ տարածքներ պետք է հանձնի Ղարաբաղը այն ազատագրած տարածքներից՝ հանուն խաղաղության ոչ միայն Ղարաբաղում, հանուն Կովկասի ապագայի, դա փաստ է: Նայած ինչ չափով եւ թե՝ ինչքանով է անվտանգ լինելու [Ղարաբաղը]: Անվտանգությունը եթե ոմանք կապում են զորքի հետ, ես չեմ կապում: Դա հենց այդ տարածքների հետ է կապված»:

Սամվել Բաբայանի համոզմամբ, նախ պետք է լուծվի
փախստականների, բռնի տեղահանվածների խնդիրը. նրանք պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, եւ, փոխվստահություն ձեռք բերելուց հետո միայն, հնարավոր կլինի խնդրին քաղաքական լուծում տալ:

Հարցին, թե կողմերի՝ համաձայնության չգալու պայմաններում որքանով է հավանական պատերազմական գործողությունների վերսկսումը, Բաբայանը պատասխանեց. - «Եթե մնա հարցը կողմերին՝ ի վիճակի չեն: Ուրեմն վաղ թե ուշ այդ պատերազմը լինելու է: Եվ այն բոլոր քայլերը, որ այսօր Ադրբեջանը անում է՝ առաջ տանելու իր դիրքերը, խոսում են այն մասին, որ պատրաստվում է պատերազմի»:

Սամվել Բաբայանը անցած տարի սեպտեմբերին, չորս տարուց ավելի բանտում անցկացնելուց հետո, ազատ էր արձակվել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից: Նա դատապարտվել էր 2000 թվականին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Թեեւ Բաբայանը իրեն մեղավոր չէր ճանաչել, դատարանը նրան դատապարտել էր 14 տարվա ազատազրկման:

Հարցին, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որոշեցին իրեն ազատ արձակել, Բաբայանը պատասխանեց. - «Ես ստույգ չեմ կարող իրենց մտքերը կարդալ: Բայց ես իրոք առողջական պրոբլեմներ ունեի. դա էր պատճառը: Ես անկեղծ ասում եմ, որ որեւիցե այլ հարցի տեղյակ չեմ»:

Նրա պնդմամբ, իր առողջությունը սկսել էր վատանալ դեռեւս 2002 թվականին, եւ, քանի որ վիճակը գնալով ավելի էր վատանում, իշխանությունները պետք է իրեն տեղափոխեին հիվանդանոց՝ ստացիոնար բուժման, կամ ազատ արձակեին: Այն, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նախընտրել են վերջինը, Բաբայանի խոսքերով, շատ պարզ բացատրություն ունի:

«Կստացվեր, որ իրենք 2-3 տարի անընդհատ ասում էին, թե հիվանդ չէ, եւ հանկարծ՝ հիվանդության պատճառով ազատում են», - բացատրեց նա՝ միաժամանակ հերքելով ժամանակին շրջանառվող խոսակցությունները, թե իրեն ազատ են արձակել ինչ-ինչ պայմաններով, կամ՝ որ ինքը նման խնդրանքով դիմել է իշխանություններին:

«Ընդհանրապես ես թույլ չեմ տա ինձ հետ վերջնագրով խոսել կամ պայմաններ թելադրել», - ասաց Բաբայանը: - «Եթե ես պայմաններ ընդունող լինեի, չորս տարի եւ կես չէի նստի»:

Սամվել Բաբայանը այժմ բնակվում է Երեւանում եւ ղեկավարում է իր ստեղծած «Խաչմերուկ» տեղեկատվական-վերլուծական կենտոնը: Նա կտրականապես հերքեց, թե իրեն ազատել են Ղարաբաղում չապրելու պայմանով:

«Չկա այդ անձնավորությունը, որ իմ առջեւ պայմաններ դնի», - ասաց նա՝ Երեւանում մնալը պայմանավորելով նրանով, որ ներկա փուլում «խնդիրները լուծվում են Երեւանում», եւ ինքը փորձելու է օգտակար լինել այստեղ:

Սամվել Բաբայանը պատրաստվում է աջակցել կամ համագործակցել հայաստանյան քաղաքական այն ուժերի հետ, որոնք «իսկապես մտածում են այս պետության ապագայի մասին»: Անդրադառնալով ընդդիմության՝ իշխանափոխության պահանջին, նա ասաց, թե ընդդիմությունը «գուցեեւ առիթ ունի իշխանափոխություն պահանջելու», սակայն ինքը իրական չի համարում նրանց սցենարները:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանը, Բաբայանի խոսքերով, եթե հասարակությունը պահանջում է դա, ապա ինքը չի կարող «դրան դեմ լինել կամ խանգարել»:

Զրույցի վերջում Սամվել Բաբայանը չբացառեց, որ առաջիկայում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք ընտրություններում կաջակցի որեւէ քաղաքական ուժի կամ գործչի:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG