Մատչելիության հղումներ

«Ղ-Տելեկոմ»-ը «ԱրմենՏել»-ին մեղադրում է «խոչընդոտներ» հարուցելու մեջ


Ինչպես հայտարարել է «Ղ-Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Երիքյանը, «ԱրմենՏել»-ը «մտադրված խոչընդոտներ է ստեղծում», մրցակցությունը սկսում է «ագրեսիվ դրսեւորումներով եւ ամեն կերպ աշխատում է հետաձգել «Ղ-Տելեկոմ»-ի մուտքը բջջային կապի շուկա»:

Երեկ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը արտասահմանից ստացավ իր գործունեության համար անհրաժեշտ սարքավորումները, որոնք առայժմ պահեստավորված են օդանավակայանում:

Ռալֆ Երիքյանի խոսքերով, սարքավորումները վաղուց արդեն պետք է տեղադրված լինեին ու աշխատեին, քանի որ «Ղ-տելեկոմ»-ի փորձնական առաջին զանգը պետք է հնչեր մարտի 15-ին:

«Դժբախտաբար չկարողացանք, որովհետեւ բազմաթիվ հարցեր կան», - ասաց Երիքյանը՝ դրանցից առանձնացնելով հիմնականը. - «Մինչեւ այսօր մենք պայմանագիր չենք ստորագրել մյուս օպերատորի [«ԱրմենՏել»-ի] հետ: Դա նշանակում է, որ մենք չենք կարողանալու մեր ցանցը լծորդել իրենց ցանցի հետ, իսկ մեր բաժանորդները մինչեւ ամառ չեն կարողանալու կապվել իրենց բաժանորդների հետ»:

Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել» ընկերության միջեւ անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված համաձայնությամբ հունական OTE ընկերությանը պատկանող «ԱրմենՏել»-ը զրկվել էր բջջային կապի մենաշնորհից: Երկրորդ ընկերություն էր ընտվել լիբանանցի գործարարներ Ռալֆ Երիքյանին եւ Պիեր Ֆատուշին պատկանող «Ղ-Տելեկոմ» ընկերությունը: Նրանք նաեւ 2002 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում գործող «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության հիմնական բաժնետերերն են:

«ԱրմենՏել»-ը ներկայումս ունի բջջային կապի շուրջ 200 հազար բաժանորդ եւ հույս ունեն մինչեւ «Ղ-Տելեկոմ»-ի մուտքը շուկա բաժանորդների թիվը ավելացնել եւս 100 հազարով:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG