Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԼՂՀ քաղաքական դաշտը ակտիվորեն նախապատրաստվում է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին», - փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Ղարաբաղի քաղաքական դաշտը տեսականորեն կարելի է բաժանել Արկադի Ղուկասյանի կողմնակիցների եւ նրա ընդդիմախոսների»: Դաշնակցության տեղական կառույցների ներկայացուցիչը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Մենք ուզում ենք խորհրդարանում ունենալ ընդդիմադիր ուժերի այն քանակը, որը բավարար է իշխանություններին զսպելու համար, ստիպելու, որ նրանք ծառայեն մեր ժողովրդին, մեր պետականությանը»: Դաշնակցականները մտահոգված են, որ Ղուկասյանը կարող է փորձ անել մասնակցելու նաեւ 2007 թվականի նախագահական ընտրություններին, որը նրա համար կլինի երրորդ ժամկետը: «Եթե Հայաստանի դեպքում կա այն համոզմունքը, որ դա Սահմանադրության կոպիտ խախտում է եւ դրան դեմ կլինի միջազգային հանրությունը, ապա Սահմանադրություն չունեցող եւ միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ում դա շատ ավելի հեշտ է անել», - նշվում է «Հայկական ժամանակ»-ում: ՀՅԴ հնարավոր դաշնակից «Շարժում-88» կուսակցության նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Էդիկ Աղաբեկյանը իրավիճակը նկարագրում է այլպես. - «Սոցիալական ծայրահեղ բեւեռացում, մենաշնորհների գոյություն, տնտեսության մեջ պետության դերի խիստ նվազեցում»: Աղաբեկյանը վստահ է, որ ընդդիմության հաղթանակի դեպքում անպայման պետք է անվստահություն հայտնել կառավարությանը, նախագահական համակարգը պետք է փոխարինվի կիսանախագահականով. - «Գործող նախագահական մոդելը հակասում է արցախյան ավանդույթներին: Մի քանի հարյուր տարի շարունակ Ղարաբաղը ղեկավարել են մելիքները, որոնք բոլորն էլ ունեցել են հավասար իրավունքներ եւ ցանկացած հարց լուծվել է գառի խաշլամայի սեղանի շուրջ, այսինքն՝ ներկայիս հասկացություններով կոլեգիալ` պառլամենտարիզմի սկզբունքով»:

«Ազգ» թերթում այսօր վերլուծվում է. - «Քանի որ ԵԱՀԿ-ը տեղի չի տալիս Ադրբեջանի շանտաժին, ոչ էլ Հայաստանի պարագայում սպառնալիքը հանգեցնում է ակնկալվող արդյունքին, ուստի պատերազմի ադրբեջանական պատրաստակամությունն ինքնաբերաբար մտավարժանքի բնույթ է ստանում: Ալիեւը Հայաստանի դեմ պատերազմի հաճախակի հայտարարություններով պարզապես փորձում է մխիթարել ադրբեջանցիներին... Նրա խնդիրը պատերազմը չէ, այլ պատերազմի պատրաստակամության ծառայեցումը քաղաքական նպատակների»: «Իրավունք» թերթի մեկնաբանը դրսից շարունակաբար հնչող տարբեր ազդանշաններից բխեցնում է, թե այժմ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումների վեկտորի ուղղությունը նպատակամղված է ոչ թե «Հայաստանում նարնջագույն հեղափոխություն անցկացնելուն, այն նրան, որ պարտադրեն Ռոբերտ Քոչարյանին ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրել»: «Եթե Հայաստանում իրագործվի «նարնջագույն հեղափոխություն», ապա դրա ալիքի վրա իշխանության եկած նոր նախագահը կլինի բավականաչափ ուժեղ՝ ունենալով լեգիտիմության անվիճելի պաշար եւ բնակչության ջախջախիչ մեծամասնության աջակցություն, ու այդպիսի նախագահին բավականին դժվար է պարտադրել լուծումներ, որոնք բացասաբար են ընկալվում Հայաստանի հանրության կողմից: Այդ պատճառով, թերեւս, նույն Արեւմուտքը, ինչու չէ, նաեւ Ռուսաստանը չեն շտապում «կանաչ անձրեւով» ապահովել հայոց ընդդիմությանը եւ նպաստել իշխանության փոփոխությանը», - շաղկապված է «Իրավունք»-ում: Ենթադրվում է, որ ե’ւ Վաշինգտոնի, ե’ւ Մոսկվայի համար Ռոբերտ Քոչարյանը «քաղաքականապես դուրս գրված» ֆիգուր է, ում կարելի է պարտադրել այս կամ այն տհաճ որոշումը՝ ամենեւին էլ չմտահոգվելոն նրա հետագա քաղաքական ճակատագրով: Միաժամանակ, «Իրավունք»-ում նշվում է, որ Քոչարյանը ժամանակ ձգելու որոշակի ռեսուրս ունի, եւ չի բացառվում, որ այդ ձգձգումը կլինի ավելի երկար, քան շատերը սպասում են»:

«Իրավունք»-ի տեղեկություններով, մի քանի սոցիոլոգիական ծառայությունների եւ հատուկ ծառայությունների հանձնարարություն է իջեցվել ուսումնասիրություններ անել բնակչության շրջանում՝ պարզելու Սերժ Սարգսյանի՝ նախագահ ընտրվելու իրական հնարավորությունները: Եվ հարցումները ցույց են տվել, որ նրա իրական վարկանիշը, ներառյալ, այսպես կոչված, վարչական եւ ուժային ռեսուրսները, չեն գերազանցում 23 տոկոսը, իսկ հարցվողների մոտ 70 տոկոսը կտրականապես դեմ է եղել պաշտպանության նախարարին Հայաստանի նախագահի պաշտոնում տեսնելու հեռանկարին: Այս արդյունքները, ըստ «Իրավունք»-ի, աստիճանաբար ստիպում են իշխանության բարձր օղակների ներկայացուցիչներին «վերանայել իրենց վերաբերմունքը Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը դարձնելու հեռանկարների եւ հնարավորությունների հանդեպ»:

«Եթե դրանից Հայաստանում ամեն ինչ կփոխվի, եթե դրանից Հայաստանը կծաղկի՝ ես վաղը կամովին [բանտ] կնստեմ». - այսպիսի անձնվեր հայտարարություն է արել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում: Նա նաեւ զուգահեռներ է անցկացնում. - «Երբ Սերբիայի ներկայացուցիչները Մոսկվա եկան, նրանց հետ հանդիպման եկած մարդիկ առաջարկեցին, որ քչով բավարարվեն: Նրանք մաքսիմալիզմի գնացին. բոլորն այսօր կամ ձերբակալված են, կամ սպանված: Իշխանությունը պիտի հասկանա, որ ինչ-որ ընթացքից հետո վերջանում է նաեւ իր հնարավորությունը: Եթե մտածում են, որ կվառեն ամեն ինչ ու կմնան միայն իրենք՝ աշխարհն էլ ուզած-չուզած իրենց հետ գործ կունենա, սխալվում են: Կուչման էլ էր այդպես մտածում. հիմա դատարան են կանչում... Պետք չէ հասցնել նրան, որ աշխարհը սկսի զբաղվել մեր ներքին խնդիրներով: Լավ է՝ մի անգամ ի սրտե բախվենք ու մեր հարցերը լուծենք», - բանաձեւում է Արամ Կարապետյանը:

«Վրաստանից ռուսական ռազմակայաններն անհապաղ դուրս բերելու՝ պաշտոնական Թբիլիսիի կտրուկ եւ կոշտ դիրքորոշումն ու պահանջները յուրօրինակ կատալիզատորի դեր են կատարել Ջավախքում տարիներով կուտակված, բայց չլուծված սոցիալ-տնտեսական, ինչպեսեւ ազգային հարցերի հետ կապված դժգոհությունների զանգվածային ու հրապարակային արտահայտման համար», - անդրադառնում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Ինչպես վիրահայությանը վերաբերող շատ հարցերում, այս դեպքում էլ պաշտոնական Թբիլիսին խոսքերից այն կողմ չանցավ, իսկ աշխատատեղերի ստեղծման եւ նման այլ խոստումները մնացին օդում: Վրաստանի նոր իշխանությունները նախորդներից, ըստ էության, հեռու չեն գնում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG