Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն նաեւ ռազմական ոլորտում


Երեքշաբթի օրը Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Մաուրո Սկաչային եւ նրա տեղակալ, ռազմաօդային ուժերի գնդապետ Կուկու Ջանգավինոյին:

Ինչպես տարածած հաղորդագրությունում փոխանցում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, դեսպան Կլեմենտեն նշել է, որ նախագահ Քոչարյանի Իտալիա կատարած այցից հետո «նոր էջ է բացվել հայ-իտալական հարաբերություններում»:

«Մեր կառավարությունը դեպի Հայաստան նոր հայացք է գցում: Համոզված եմ, որ ռազմական բնագավառում եւս կկարողանանք հաջողությունների հասնել», - Սերժ Սարգսյանին ասել է Մարկո Կլեմենտին:

Հայաստանի պաշտպանության նախարարը, իր հերթին, ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունները քաղաքական, տնտեսական ոլորտներում բավականին առաջընթաց են ապրել:

«Այս դրական ֆոնի վրա մենք պարտավոր ենք զարգացնել նաեւ ռազմական համագործակցությունը: Կարծում եմ, որ անպայման հաջողության կհասնենք», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Պարտավորությունս եմ հայտնում իմ մանդատի գործունեության ժամանակահատվածում, մեծ կամքով ու մեծ ներդրումով աշխատել՝ հայ-իտալական ռազմական բնագավառում սերտ համագործակցությանը նպաստելու ուղղությամբ»,- հանդիպման ավարտին նախարարին հավաստիացրել է գեներալ Մաուրո Սկաչան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG