Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգները փոխադրամիջոցներ է տրամադրում Հայաստանի սահմանապահ զորքերին


Միացյալ Նահանգները ԱՄՆ Արտահանման վերահսկման եւ սահմանների անվտանգության ծրագրի շրջանակներում 8 ավտոմեքենա է տրամադրել Հայաստանի սահմանապահ զորքերին՝ Հայաստանի տարածքով զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու նպատակով:

Ինչպես նշված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, երկուշաբթի օրը խոսելով մեքենաների հանձնման պաշտոնական արարողությանը` ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին նշել է. - «Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձն է առել սահմանների անվտանգության պաշտպանությունը, իսկ ԱՄՆ կառավարությունն իր հերթին ուրախ է աջակցելու այս կարեւորագույն նախաձեռնությանը»:

3 «Նիվա», 2 «Լադա» մակնիշի եւ 3 ամենագնաց մեքենաները կօգտագործվեն հիմնական մայրուղիներից դուրս հսկողական շրջագայությունների նպատակով:

«Սահմանների անվտանգության ամրապնդման միջոցով զանգվածային բնաջնջման, քիմիական եւ կենսաբանական զենքերի տարածման դեմ պայքարը շատ կարեւոր է բոլոր երկրները համար, եւ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի համար դա նույնպես ունի առաջնային նշանակություն», - ասել է փոխդեսպան Գոդֆրին: - «Սա մեր կողմից սահմանապահներին եւ մաքսային ծառայությանը տրամադրվող ո’չ առաջին, ո’չ էլ վերջին հանգանակությունն է: Այս ծրագրի համար նախատեսված է $1.3 միլիոն, որը կօգտագործվի թե' սարքավորումների փոխանցման եւ թե' ուսուցողական նպատակներով»:

ԱՄՆ Պետքարտուղարության եւ Հայաստանի Ազգային անվտանգության գերատեսչության կողմից իրականացվող Արտահանման վերահսկման եւ սահմանների անվտանգության ծրագիրը Հայաստանում գործում է 2000 թվականից:

Ավելին քան 45 երկրներում գործող այս ծրագիրը նպատակ ունի ամրապնդել սահմանների անվտանգությունը` ժամանակակից տեխնիկական միջոցների տրամադրման ու համաշխարհային ահաբեկչության, զանգվածային բնաջնջման, քիմիական եւ կենսաբանական զենքերի տարածման դեմ պայքարում սահմանապահ ուժերի ու մաքսային ծառայության գործնական հմտությունները զարգացնելու միջոցով:


(Լուսանկարում՝ փոխդեսպան Գոդֆրին եւ Սահմանապահ զորքերի հրամանատար Վյաչեսլավ Ոսկանյանը փոխադրամիջոցների պաշտոնական հանձնման արարողության ժամանակ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG