Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպումն առայժմ «ընդամենը գաղափար է»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել է, որ ղարաբաղյան բանակցությունները կարող են բարձր մակարդակով շարունակվել Վարշավայում: «Սակայն», - ավելացրել է նա, - «ներկա պահին դա ընդամենը գաղափար է»:

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ 3ուրի Մերզլյակովը ենթադրություն է հնչեցրել, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ երկրորդ աշխարհամարտի ավարտի 60-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ:

Մամեդյարովը ասել է նաեւ, որ ինքը հանդիպելու է Վարդան 0սկանյանի հետ, բայց չի ճշտել, թե երբ եւ որտեղ է տեղի ունենալու այդ հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել են, որ մարտի կեսերին Վարդան 0սկանյանը լինելու է Վիեննայում, բայց չճշտեցին՝ արդյո՞ք նա այնտեղ հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

Էլմար Մամեդյարովը անդրադարձել է նաեւ Հայաստանի արտգործնախարարի այն պնդմանը, թե ղարաբաղցիները նույնպես պետք է մասնակցեն բանակցություններին:

«Բանակցությունները դեռ չեն հասել այն փուլին, որը թույլ կտար Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչներին մասնակցել դրանց», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: - «Սակայն հետագայում Ղարաբաղի հայերը կարող են մասնակցել բանակցություններին ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ միասին, որովհետեւ Ղարաբաղի հայերը նույնպես Ադրբեջանի քաղաքացիներ են»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG