Մատչելիության հղումներ

«Ֆորբս»-ի ցուցակում ամերիկահայ մեծահարուստ Քըրքորյանը 41-րդն է


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կարողությունը վերջին տարվա ընթացքում ավելացել է գրեթե 3 միլիարդ դոլարով: Ըստ «Ֆորբս» հանդեսի՝ եթե անցած տարի Քըրքորյանի ունեցվածքը գնահատվում էր 6 միլիարդ, ապա այս տարի՝ 8,9 միլիարդ դոլար:

Անցած տարի ամերիկահայ մեծահարուստը 8 միլիարդ դոլարով ձեռք բերեց «Մանդալայ» հյուրանոցների, կազինոների եւ զվարճանքի վայրերի ցանցը: «Լաս Վեգաս Սան» թերթն անցած շաբաթ փաստել է, որ Քըրքորյանն այժմ աշխարհի առաջատարն է այդ բիզնեսում:

«Ֆորբս»-ի՝ այսօր հրապարակված աշխարհի 600 միլիարդատերերի ցուցակում Քըրք Քըրքորյանը զբաղեցնում է 41-րդ տեղը: Անցած տարի նա 65-րդն էր:

Մի քանի շաբաթից կիրականանա «Սոնի» ընկերության հետ ամիսներ առաջ կնքված գործարքը, որով Քըրքորյանը 5 միլիոն դոլարով ճապոնական հսկային է վաճառել «Մեթրո Գոլդվին Մայեր» ընկերությունը:

Վերջին տարիներին Քըրք Քըրքորյանի հանգանակած գումարներով բարեկարգվել է Երեւանի կենտրոնը, բարեկարգվել են ճանապարհներ, նորոգվել են մշակույթի օջախներ:

87-ամյա Քըրքորյանը ունի երկու դուստր՝ Թրեյսի եւ Լինդա, որոնց անունների համադրությամբ է կոչվում նրա «Թրասինդա» ընկերությունը:

«Ֆորբս»-ի մեծահարուստների ցուցակը 11 տարի շարունակ գլխավորում է «Մայքրոսոֆթ»-ի ղեկավար Բիլ Գեյթսը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG