Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյան. «Հայաստանի երկաթուղին չի սեփականաշնորհվի»


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը կտրականապես հերքել է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության տարածած տեղեկատվությունը, թե ներքին կարգով որոշում է կայացվել մոտ ապագայում «Հայաստանի երկաթուղի» ՊՓԲԸ-ի սեփականաշնորհման մասին:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուր, «Ռեգնում» գործակալությունը հաղորդել է, թե հիմնական բաժնետերերը լինելու են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Ադրանիկ Մանուկյանը եւ ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը:

Գործակալությունը նշում է նաեւ, որ Համաշխարհային բանկը մշակել է Հայաստանի տրանսպորտային համակարգի զարգացման ծրագիր՝ 40 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, որից 16 միլիոնը պետք է հատկացվի երկաթուղային համակարգի արդիականացմանը: Անկախ աուդիտորական ընկերության կողմից արդեն մշակվել է ոլորտի զարգացման բիզնես-նախագիծը, որի ֆինանսավորումը պետք է իրականացվի Հայաստանի կառավարության հետ համատեղ:

Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային բացառիկ հարցազրույցում Հայաստանի տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը կտրականապես հերքել է «Ռեգնում» գործակալության լուրը:

«Հայաստանի երկաթուղիներ»-ը չեն սեփականաշնորհվելու, կառավարությունը նման ծրագիր չունի, դա բացարձակ սուտ է», - ասաց Անդրանիկ Մանուկյանը՝ հերքելով նաեւ իր՝ որպես բաժնետեր հանդես գալու մասին լուրը:

Միեւնույն ժամանակ, նախարարը չի բացառել, թե աճուրդի կարող է հանվել երկաթուղու շարժակազմի մի մասը. միջազգային մրցույթով այն կարող է փոխանցվել մեկ օպերատորի:

«Երկաթուղու շարժակազմը ամբողջությամբ սեփականաշնորհելը աբսուրդ է», - ասել է Անդրանիկ Մանուկյանը:

Նախարարի խոսքերով, կհայտարարվի մրցույթ, որի մասնակիցների առջեւ կդրվի մեկ խնդիր՝ շարժակազմը պետք է աշխատի միայն Հայաստանի համար:

«Բայց դա առայժմ միայն մտադրություններ են: Դրա համար պետք է լինի կառավարության որոշում», - ավելացրել է Անդրանիկ Մանուկյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG