Մատչելիության հղումներ

Բուրջանաձեն հորդորել է խորհրդարանին օրակարգից հանել ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման հարցը


Ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն չորեքշաբթի օրը պատգամավորներին հորդորել է օրակարգից հանել Բաթումի եւ Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման վերաբերյալ վերջնագիրը ընդունելու հարցը եւ փաստաթուղթը լրամշակման ուղարկել խորհրդարանական կոմիտեներ:

Բուրջանաձեն նշել է, թե Ռուսաստանը համաձայնել է այս հարցով որոշում կայացնել մինչեւ մայիսի 1-ը:

«Հարկավոր է սպասել արդյունքներին եւ հետո որոշում կայացնել», - ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Բանաձեւը նախատեսում է, որ, եթե կողմերը այս հարցում համաձայնության չհանգեն մինչեւ մայիսի 1-ը, Վրաստանի արտգործնախարարությունը կդադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը ռուսաստանցի զինծառայողներին, իսկ ռազմակայանների պարտքերը կձեւակերպի որպես Ռուսաստանի պետական պարտք Վրաստանին:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է. ռազմակայանները պետք է դուրս բերվեն»,- երեքշաբթի օրը լրագրողներին ասել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ նշելով, թե առաջիկա մեկուկես ամսում ռուսաստանյան կողմի հետ բանակցություններ են տեղի ունենալու այդ հարցի շուրջ:

Ախալքալակից ռազմակայանի դուրսբերման դեմ է հանդես գալիս Ջավախքի հայ բնակչությունը, քանի որ ռազմակայանում ոչ միայն իրենց ծառայությունն են անցնում մեծ թվով հայեր, այլեւ այդտեղ աշխատելը տեղի հայերի համար հաճախ միակ եկամտի աղբյուրն է: Ախալքալակի ռազմակայանի անձնակազմը շուրջ 4 հազար մարդ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG