Մատչելիության հղումներ

Սահմանային միջադեպ


Ինչպես հաղորդել է ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը, երկուշաբթի օրը միջադեպ է գրանցվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում, Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ:

Ադրբեջանի պաշպանության նախարարության տվյալներով, միջադեպի արդյունքում երկու կողմերից էլ կան վիրավորներ, իսկ հայկական կողմից՝ նաեւ սպանվածներ: Նշվում է նաեւ, թե վիրավորվել են ադրբեջանցի 4 զինծառայողներ, որոնցից մեկը ծանր վիճակում է:

Հայկական կողմից զոհերի կամ վիրավորների մասին լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարոթյան խոսնակ Սեյրան Շահսուվարյանը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձ է արել ներթափանցել ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունքը: Ղարաբաղյան զինված ուժերը կանխել են խմբի գործողությունները եւ ձեռնարկել այն վնասազերծելու համար անհրաժեշտ միջոցներ: Սկիզբ առած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը ստիպված էր նահանջել: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:

Նույն օրը ԵԱՀԿ առաքելությունը Աղդամ-Բարդա ավտոմայրուղու հատվածում անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը (Չեխիա) եւ Փիթեր Քիին (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն գրանցվել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG