Մատչելիության հղումներ

Չեչնիայում սպանվել է Ասլան Մասխադովը


Ինչպես հաղորդել է «ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, Ռուսաստանի իրավապահ մարմինների «հատուկ օպերացիայի արդյունքում Չեչնիայի Տոլստոյ-Յուրտ ավանում սպանվել է չեչեն անջատողականների առաջնորդ Ասլան Մասխադովը»:

Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական տարածաշրջանային շտաբի ներկայացուցիչ Իլյա Շաբալկինի խոսքերով, Մասխադովին ուզում էին կենդանի գերել, սակայն նա զոհվել է իր թիկնապահներից մեկի՝ հրազենի հետ անփույթ վարվելու հետեւանքով:

«Մեր առաջ դրված էր Մասխադովին գերելու խնդիրը, ոչ ոք չեր պատրաստվում նրան ֆիզիկապես ոչնչացնել», - հայտնել է Չեչնիայի կառավարության ղեկավարի տեղակալ Ռամզան Կադիրովը:

«Մենք մտադիր էինք նրան կենդանի գերել եւ համապատասխան հարցաքննությունից հետո նշանակել անվտանգության ծառայության ջոկի կամ դասակի հրամանատար», - նշել է Կադիրովը:

Լոնդոնում Մասխադովի ներկայացուցիչ Ախմեդ Զակաեւը հայտնել է, թե առայժմ չի կարող հաստատել Մասխադովի սպանվելու մասին լուրը, սակայն չի բացառել, որ այն կարող է հավաստի լինել:

«Կարծում եմ՝ Մասխադովի սպանությունը Ռուսաստանին ոչինչ չի տա՝ բացի քարոզչական «հաղթանակից», քանի որ ամբողջ Հյուսիսային Կովկասում այսօր ստեղծված են դաշնային զորքերին հակազդելու պատրաստ ջոկատներ», - նշել է Ախմեդ Զակաեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG