Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով, Հայաստանը կարող է սպառնալ կասպյան նավթատարերի անվտանգությանը


Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի պնդմամբ, հարկավոր է ուժեղացնել ադրբեջանական նավթը միջազգային շուկաներ փոխադրող խողովակաշարերի անվտանգությունը, քանի որ դրանք գտնվում են Հայաստանի կողմից «ահաբեկչական հարձակման» վտանգի տակ:

«Նման հարեւանի պայմաններում մենք միշտ գտնվում ենք ահաբեկչական հարձակման վտանգի տակ», - երկուշաբթի օրը, ըստ հաղորդագրությունների, Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը:

«Հաշվի առնելով փաստը, որ [Ադրբեջանի] նյութական եւ տեխնիկական բազան ցանկալի մակարդակի վրա չէ, նման ահաբեկչական գործողությունները կարող են տխուր հետեւանքներ ունենալ», - ասել է նա՝ ավելացնելով, որ Բաքուն պետք է համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկի:

Ակնհայտորեն ադրբեջանական ղեկավարության կարծիքը հնչեցրած Շարիֆովը իր պնդումները հաստատող համապատասխան տեղեկատվություն կամ կոնկրետ փաստեր չի վկայակոչել:

Ադրբեջանական նավթի մեծ մասը ներկայումս արտասահման է տեղափոխվում Ռուսաստանի սեւծովյան Նովոռոսիյսկ նավահանգիստը հասնող խողովակաշարով: Առաջիկա տարիներին նավթի արտահանումը կտրուկ աճելու է եւ իրականացվելու է ավելի մեծ թողունակությամբ խողովակաշարով, որը ներկայումս կառուցվում է արեւմտյան խոշորագույն ընկերությունների մասնակցությամբ:

Խողովակաշարը, որի շինարարությունը ծրագրված է ավարտել այս տարի, Բաքվից կհասնի մինչեւ Թուրքիայի սեւծովյան Ջեյհան նավահանգիստը:

Արեւմտյան երկրների կառավարությունները եւ բազմաթիվ անկախ վերլուծաբաններ համարում են, որ 3 միլիարդ դոլար արժեցող այդ նախագծի ամենամեծ սպառնալիքը կարող է լինել հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի համար:

Այս մտավախությունները տեղ են գտել նաեւ հայտնի ամերիկացի վերլուծաբան, Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցած Դեւիդ Ֆիլիպսի՝ վերջերս հրատարակված գրքում:

«Մի քանի րոպեի ընթացքում հայկական S-300 հրթիռները կարող են քարուքանդ անել Բաքուն եւ գետնին հավասարեցնել Ադրբեջանի էներգաարդյունաբերությունը», - գրել է Ֆիլիպսը:

S-300 հրթիռները Հայաստանում տեղակայված են 1990-ականների վերջերից եւ պաշտոնապես պատկանում են ռուսաստանյան ռազմակայանին:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG