Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան, ներկայումս պաշտոնաթող Հարի Գիլմորը Օսմանյան Թուրքիայում 1915-20 թվականներին հայերի դեմ կատարվածը հակված է գնահատել որպես ցեղասպանություն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ ուրբաթ օրը հեռախոսային բացառիկ հարցազրույցում դեսպան Գիլմորը ասել է, որ Օսմանյան կայսրությունում անցած դարասկզբին մոտ 1,5 միլիոն հայերի բնաջնջումը տեղավորվում է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում ամրագրված բնորոշման շրջանակներում:

«Կասկածից վեր է, որ [Օսմանյան կայսրությունուն անցած դարասկզբի] հայկական իրադարձությունները ցեղասպանություն էին», - ասել է Գիլմորը: - «Անշուշտ, չպետք է մոռանալ, որ Ցեղասպանության մասին կոմվենցիան ընդունվել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններից բավական ժամանակ անց: Ես կարծում եմ, որ իրավական տեսանկյունից միջազգային կոնվենցիան հետադարձ ուժ չունի: Բայց հիմնականն այստեղ այն է, որ կոնվենցիան սահմանել է չափանիշը, իսկ հայերի սպանդն ու տեղահանությունը լիովին համապատասխանում են դրան»:

«Ես լսում են Տեր Զորի զոհերի խոսող հոգիներին: Մեկը պետք է ճանաչի այն, ինչ կատարվել է նրանց հետ եւ դա իր անունով կոչի», - ավելացրել է Հարի Գիլմորը:

1993-1995 թվականներին գլխավորելով Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, Գիլմորը դարձավ ամերիկացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հայաստանում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Ջոն էվանսը փետրվարի վերջին Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում օգտագործել էր «ցեղասպանություն» բառը՝ հետագայում պարզաբանելով, թե արտահայտել է իր անձնական կարծիքը:

Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե Էվանսի մեկնաբանությունները «միանգամայն հակասում են Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությանը»:

Գիլմորը հրաժարվեց խոսել Էվանսի հայտարարության հնարավոր հետեւանքների մասին: «Որովհետեւ ես հիմա դուրս եմ կառավարությունից», - բացատրեց նա:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG