Մատչելիության հղումներ

«Մեր նպատակը ֆուտբոլասերին մարզադաշտ վերադարձնելն է»


Լիբանանում ծնված, վերջին 25 տարին Ավստրալիայում ապրած Տիգրան Հովիվյանը ընտանիքում տեղափոխվել է Հայաստան եւ հեռուն գնացող ծրագրեր ունի՝ իր հիմնադրած ֆուտբոլային նոր ակումբը հասցնել եվրոպական չափանիշերի մակարդակին:

Հովիվյանը (ով, ի դեպ, որեւէ ազգակցական կապ չկա հանրահայտ ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի հետ) ասաց, որ նորաստեղծ թիմի ավագ մարզիչ Ալբերտ Սարգսյանի հետ միասին անցյալ աշնանը մոտ 70 թեկնածուներից ընտրել են թիմի շուրջ երկու տասնյակ խաղացողներին, եւ արդեն այս տարի «Երեւան Յունայթեդ»-ը մասնակցելու է Հայաստանի առաջնությանը:

«Մեր նպատակն է հիմնել եվրոպական մակարդակի պրոֆեսիոնալ ակումբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովիվյանը: - «Շատ նորություններ մենք պիտի մտցնենք... Մեր նպատակը խաղացողներ պատրաստել-ծախելը չէ: Մեր նպատակը UEFA-ի մրցումների մասնակցել ու փող սարքելը չէ: Եթե, անշուշտ, այդպես պատահի՝ լավ է, բայց մեր միակ, ամենազորավոր նպատակը երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելն է»:

Տիգրան Հովիվյանը վստահ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին ոգեւորողը ոչ թե բարձր վաստակներն են, այլ հանդիսատեսը, երկրպագուն՝ ավելացնելով, որ հենց վերջիններիս շնորհիվ կարող են նաեւ ֆինանսապես ոտքի կանգնել հայաստանյան ֆուտբոլային ակումբները:

Անցած դեկտեմբերից մարզումներն սկսած «Երեւան Յունայթեդ»-ը իր անդրանիկ հանդիպումը կանցկացնի վաղը՝ Հայաստանի անկախության գավաթի մրցաշարում ուժերը չափելով «ՖԻՄԱ»-ի հետ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG