Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը դեմ է հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայմանը»


Ինչպես հաղորդել է արդբեջանական «Թրենդ» գործակալությունը, անցած շաբաթավերջին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Բաքուն դեմ է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայմանը:

«Հակամարտությունների գոտիներում խաղաղապահ զորքերի տեղակայումը, որպես կանոն, բերում է հակամարտության սառեցմանը: Իսկ Ադրբեջանը խնդրի լուծման, ոչ թե՝ սառեցման կողմնակից է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաքվում հայտարարել է Ազիմովը:

Մյուս կողմից, ըստ նրա, գոյություն ունի հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին ԵԱՀԿ դրույթը: Այն ժամանակ, սակայն, կողմերը որոշել էին ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը, որը մինչ օրս պահպանվում է:

Ասուլիսում Ադրբեջանի փոխարտգործնախարարը պատասխանել է նաեւ Լաչինի շրջանը Հայաստանին որպես միջանցք փոխանցելու հնարավորության մասին հարցին:

Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը առաջարկում է, որ խաղաղ կարգավորումից հետո ճանապարհը հավասարապես օգտագործեն ե’ւ Ադրբեջանը, ե’ւ Հայաստանը:

«Մենք առաջարկում ենք, որ այս ճանապարհը օգտագործվի որպես կապ՝ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, ինչպես նաեւ՝ բեռնափոխադրումների համար: Նախիջեւանի հետ կապը պահպանելու համար Ադրբեջանը նույնպես կօգտվի այդ ճանապարհից», - ասել է Արազ Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG