Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 5-ը մարտի)


«Մինչ շատերին Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը ուղղակի անկարող է թվում, պարզվում է այդ անկարողությունը նորանոր դրսեւորումներ ունենալու անսահմանափակ ռեսուրս ունի: Օրինակ, Հայաստանի արտգործնախարարի գրիպը, կամ թոքաբորբը, կամ էլ որեւէ օրգանի որեւէ հիվանդություն, կարող է մեր երկիրը դուրս թողնել ոչ միայն գլոբալ պրոցեսներից, այլեւ այնպիսի հարցերի քննարկումից, ինչպիսին է Ղարաբաղի խնդիրը», - մատնանշում է «Հայկական ժամանակ» թերթը, որի մատուցմամբ նաեւ. - «Շատ քչերի մտքով կարող էր անցնել, որ Պրահայի բանակցությունների հերթական փուլը կարող է տեղի ունենալ առանց Հայաստանի: Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը Պրահայում դեմ առ դեմ հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ղեկավարի հետ: Հայաստանը այդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչ չուներ»: «Հայաստանը դիտավորյալ դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսից՝ հասկանալով արդեն, որ այնտեղ այլեւս անելիք չունի», - ենթադրում է «Հայկական ժամանակ»-ը՝ նաեւ ակնարկելով. - «Մայիսի 2-ին Պրահայում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բազմակողմ նախնական փաստաթղթի ստորագրում: Ըստ ամենայնի, Հայաստանը ջանքեր է գործադրում այդ ծրագիրը խափանելու համար»:

«Առավոտ» թերթի խմբագիրն այսօր զուգահեռում է. - «Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների փաստարկները զարմանալիորեն նույնն են. «Թողեք մեզ անենք, ինչ ուզում ենք, թե չէ ձեզ կմեղադրենք ազգային դավաճանության մեջ»: Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների մեղքով մենք առայժմ գնում ենք ճիշտ հակառակ՝ կոմունիստա-ֆեոդալական ուղղությամբ: Իսկ ֆեոդալներին (իշխանիկներին) ձեռնտու են թշնամանքը, հարեւանի հասցեին սուր ճոճելը, կեղծ հայրենասիրական ճառերը, հասարակության պարզունակ բնազդներին տուրք տալը: Բայց այդ ամենը, իհարկե, ժամանակավոր է. մեծ, պատմական հեռանկարով քաղաքակրթությունը այլընտրանք չունի», - լավատեսորեն է եզրափակում խմբագիրը:

Երեկ խորհրդարանում հնչած գնահատականների հիման վրա «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը շեշտադրում է այսպիսի մի շարժ. - «Եթե ուղիղ մեկ տարի առաջ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ Քոչարյանի հենարան կոալիցիոն կուսակցությունները նախագահի պաշտոնավարության մեկ տարին գնահատելու համար օգտագործում էին ամենավսեմ ու բարձր մակդիրները, ապա երեկ վերջիններս այլեւս կորցրել էին մեկ տարի առաջվա իրենց էնտուզիազմը ու ընդհանուր առմամբ խիստ չքննադատելով Քոչարյանի պաշտոնավարության երկու տարին, անմիջապես նշում էին այն բացթողումները, որոնք չշտկելու դեպքում երկրում ժողովրդավարության նահանջի պրոցեսները դառնալու են անշրջելի»: «Հայկական ժամանակ»-ում զարգացվում է. - «2006-ի մարտին 5-ին, երբ կամփոփվի Քոչարյանի պաշտոնավարության երեք տարին, դրականի մասին կլինեն ընդամենը թեթեւ ակնարկներ, իսկ արդեն 2007-ին, չի բացառվում, որ կոալիցիան, ձայնակցելով ընդդիմությանը, Քոչարյանի պաշտոնավարությունը երկրի համար համարի կործանարար»:

«Աշխարհում, համայն մոլորակի վրա ամենացածր աշխատավարձը Հայաստանի գիտական աշխատողի աշխատավարձն է... Իսկ գիտեք, որ ժողովուրդը նայում է, թե ով ինչքան է աշխատավարձ ստանում, դրանով էլ իր հարգանքի չափն է որոշում», - «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանը։ - «Գրական լեզվի դեմ շարժում կա, հայերենի դեմ... Հեռուստաեթերը լցված է միայն 20-ամյա աղջիկներով ու տղաներով, որոնք միայն ցատկոտում։ Երգերի տեքստերն ուղղակի զարհուրելի են։ Եվ ժողովուրդը, ցավոք, կարծում է, թե երաժշտությունը հենց դա է, որ կա»։ «Նույն պատկերն է արվեստի բոլոր ոլորտներում։ Էլ չեմ ասում քաղաքաշինության մասին։ Այսպիսի սարսափելի քաղաք, ինչպիսին Երեւանն է, ես չեմ տեսել աշխարհում։ Կյանքի համար չհարմարեցված քաղաք է դարձել», - բնորոշում է Հենրիկ Էդոյանը՝ ընդհանրացնելով. - «Իրականությունն այն է, որ մեր պետությունը հակամշակութային պետություն է»։

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Կիրակոսյանը «Ազգ» թերթի հարցազրույցում էլ հաստատում է, որ օրերս իրենց բուհում Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալբերտ Հովհաննիսյանի վրա կրակած ուսանող Համլետ Քեշիշյանի գնդապետ հայրն էլ գալով՝ դեկանին ասել է. - «Ատրճանակը գազով չպետք է լիներ, պետք է գյուլլեր քեզ»: «Սա միայն մեր բուհի խնդիրը չէ, սա մեր միջավայրի, կրթության ասպարեզի խնդիրն է: Վաղն էլ կմտնեն, ռեկտորին կգնդակահարեն: Եվ ամեն տեղ սա կարող է կրկնվել», -մտահոգված է Գրիգոր Կիրակոսյանը: - «Ինչ որ տեսնում են, սովորում են»: «Ազգ»-ում խտացված է. - «Հասարակության բարոյական օրգանիզմում հասունանում են ախտեր, որոնց գոյությունը անաղմուկ հասունացող քաղցկեղի նման երկար ժամանակ չենք զգում: Եվ երբ, ի վերջո, որեւէ արտառոց իրադարձությամբ դրանք զգացնել են տալիս, արդեն շատ ուշ է լինում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG