Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթն այսօր ամրագրում է. - «Իշխանական ամբողջ դաշտին Ռոբերտ Քոչարյանը պարզ ասել էր, որ եթե չլինի կոնսոլիդացված իշխանություն, ապա կործանվելու են բոլորը, ու թերեւս դրանով պետք է բացատրել վարչապետի ու ԱԺ խոսնակի միջեւ թեժացող հակամարտության մեղմումը»: «Սակայն Հայաստանի իշխանություններին ոչ միայն Մոսկվան «տիրություն» չի անում ու չի էլ պատրաստվում անել, այլեւ շարունակվում են ճնշումները Վաշինգտոնից», - ձեւակերպված է «Իրավունք»-ում: - «Գրեթե օր չի անցնում, որպեսզի պաշտոնական Երեւանի վրա չթափվի արեւմտյան ծագում ունեցող, պատկերավոր ասած, «շան լափի» հերթական բաժինը»: Եվ Հայաստանի ներքաղաքական դաշտում էլ, ըստ թերթի, «յուրաքանչյուրը յուրովի պատրաստվում է հնարավոր կտրուկ փոփոխություններին, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների»: Իսկ «Հայկական ժամանակ» թերթը արձանագրում է, որ «վարչապետ - ԱԺ նախագահ քաղաքական փոխհրաձգությունից հետո կոալիցիայում կրքերը կարծես հանդարտվում են», բայց «մեկ-երկու ամսից հետո ՀՀԿ -«Օրինաց երկիր» - Դաշնակցություն հակամարտությունը կրկին սրացման կրիզ է ապրելու՝ այս անգամ սակայն, ըստ դիտորդների միանշանակ գնահատականի, միմյանց հիմնահատակ ոչնչացնելու ռազմավարական ծրագրով»: «Բանն այն է, որ հոկտեմբերին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ու հանրապետության 637 համայնքներում միմյանց հետ մրցելու է հիմնականում կոալիցիոն ախպերությունը, քանզի գոնե մեկ հարցում կոալիցիան մինչեւ վերջ որոշել է միասնական լինել՝ ոչ մի, անգամ ամենափոքր գյուղապետի պաշտոն, չզիջել ընդդիմությանը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Միեւնույն ժամանակ, եթե մինչեւ վերջերս կոալիցիայի անդամ կուսակցությունները չէին բացառում միմյանց միջեւ որոշ համայնքներում քաղաքական համաձայնությունների կայացում, ապա հիմա երեք ուժերն էլ խոստովանում են, որ նման համաձայնությունների գնալ գործնականում հնարավոր չի լինելու»: «Այբ-Ֆե» թերթը, իր հերթին, ակնհայտ է համարում, որ թե’ կոալիցիայի ներսում, թե’ Հանրապետությունում «այնքան էլ կառուցողական, հանգիստ, աշխատանքային մթնոլորտ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել հանրությանը»:

«Այբ-Ֆե»-ում այսօր նաեւ ձեւակերպվում է, թե Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկրի բարձրագույն պաշտոնին տիրանալու «անթաքույց ցանկություն ունի»: Հովսեփյանը իբր մի քանիսի ներկայությամբ ասել է. - «Փոքրիկ Տեղ գյուղից դուրս եկած Սերժ Սարգսյանը կուզի նախագահ դառնալ, ես, հսկայական Ապարանը թիկունքիս ունենալով, չե՞մ ուզի»: «Նման արտահայտություն թույլ տալու համար պարոն Հովսեփյանը պետք է որ ամենաբարձրյալի աջակցությունն ունենար», - բխեցվում է այս թերթում: - «Դատախազն արդեն սկսել է մկանների ցուցադրությունը: Դրա ամենավառ ապացույցը միասնության շուրջպարն է լինելու, որ մայիսի 28-ին «Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ բռնվելու է Արագած լեռան շուրջ»:

«Գիտի՞ արդյոք ղեկավարությունը, թե ինչպես են հավաքվել այն ֆանտաստիկ գումարները, որ տարվա սկզբից ներկայացնում են հարկային ու մաքսային մարմինները», - հարց է դնում այսօր «Առավոտ» թերթը: - «Եթե չգիտի, կարող է հետաքրքրվել մանր ու միջին բիզնեսով զբաղվող գործարարներից, որոնցից հարկահավաքները հենց առաջին երեք ամիսներին պարզապես շորթում էին կանխավճարներ: Սակայն եթե այդ փողերը վերցվել են ավանսով, ստացվում է, որ հաջորդ ամիսներին աղբյուրը կցամաքի»: Այս առումով «Առավոտ»-ում ընդգծված է. - «Դատելով այն բանից, թե ումից են հարկահավաքները հավաքել, ավելի ստույգ՝ շորթել բյուջե ուղարկվելիք գումարները, ակնհայտ է մեկ բան. օլիգարխների դուռը գնալու քաջություն չեն դրսեւորել: Եվ ճիշտ էլ արել են՝ հո կյանքից ձեռ չե՞ն քաշել»:

«Թբիլիսիի Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ վերջերս ծավալվող իրադարձությունները ոչ միայն դարձել են Վրաստանում հայկական հուշարձանների բարբարոսական ոչնչացման եւ յուրացման հերթական տխուր իրողություն, այլեւ լուրջ կասկածի տակ են դրել արեւմտյան արժեքներին հավատարիմ լինելու մասին երկրի ղեկավարների շարունակական հայտարարությունների իսկությունը», - անդրադառնում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը։ - «Այս փաստի կողքով չպետք է անտարբեր անցնեն նաեւ միջազգային զանազան կազմակերպությունները, որոնք շեփորահարում են, թե Վրաստանը շնորհիվ «վարդերի հեղափոխության» պատմական քայլ է արել ժողովրդավարության կառուցման բնագավառում»: «Խնդիրը շատ պարզ է», - իր հերթին մատուցում է «Ազգ» թերթը: - «Վրաց եկեղեցին փորձում է զավթել Թբիլիսիի հերթական հայկական եկեղեցին... Եվ ընդհանուր առմամբ, վրացական իշխանությունները, որոնց գլխավոր բնութագրիչը ազգայնամոլությունն է, փորձում են յուրացնել այլոց մշակույցը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG