Մատչելիության հղումներ

Իրան - Հայաստան գազամուղի առաջին հատվածը կկառուցի «Հայռուսգազարդ» ընկերությունը


«Իրան - Հայաստան գազամուղի շինարարությունը իրանական կողմից արդեն սկսվել է: Հայկական կողմից առաջին հատվածի շինարարության՝ իրանական կողմի անցկացրած մրցույթը շահել է «Հայռուսգազարդ» ընկերությունը», - հինգշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նախարարը տեղեկացրել է, թե իրանական «Սանիր» ընկերությունը հունիսին կմատակարարի խողովակներն եւ սարքավորումները, իսկ դաշտային աշխատանքները կսկսվեն արդեն մարտի վերջին:

Պատասխանելով գազամուղի տարանցիկ դառնալու եւ Ուկրաինայով մինչեւ Եվրոպա հասնելու հնարավորության մասին հարցին՝ Արմեն Մովսիսյանը շեշտել է, թե նման հարց դեռ պաշտոնապես չի քննարկվել եւ խողովակաշարը այժմ միայն Հայաստանի ներքին սպառման համար է նախատեսվում:

«Եթե Հայաստանը կարիք ունենա իրանական գազը արտահանել Եվրոպա՝ կառուցվող գազատարի կողքին կկառուցվի նորը», - նշել է Արմեն Մովսիսյանը՝ ավելացնելով, թե այդ հարցում Հայաստանի վրա որեւէ երկրի կողմից ճնշում չի գործադրվում:

2007 թվականից սկսած Հայաստանը պետք է 1 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետր գազ ստանա, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան ներկա պահին Հայաստանը ստանում է Ռուսաստանից։

Պայմանագրի համաձայն, սկսած 2019 թվականից Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալները կհասնեն 2 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետրի, իսկ ընդհանուր առմամբ 20 տարվա ընթացքում Հայաստանը Իրանից մոտ 36 միլիարդ խորանարդ մետր երկնագույն վառելիք պետք է ստանա:

Արմեն Մովսիսյանը նաեւ հայտնել է, թե այս տարի Շիրակի մարզում նավթ եւ գազ որոնելու երկրաբանական ուսումնասիրությունների կատարման համար կառավարությունը հատկացրել է շուրջ 150 միլիոն դրամ: Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման անհրաժեշտությունն առաջացել է երկրաշարժից հետո, երբ երկրաբանական ներքին շերտերի փոփոխություն է կատարվել, ինչի հետեւանքները դեռեւս ուսումնասիրված չեն: Նման ուսումնասիրություններ, ըստ նախարարի, կատարվում են նաեւ սահմանի հակառակ կողմում:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG