Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Շարունակելով քննել 2004 թվականի «Մարդու իրավունքների մասին» ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի մեզ վերաբերող բաժինը՝ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը այսօր էլ արձանագրում է, թե այն միակողմանի է. - «Անտեսվել է այն փաստը, որ առաջին հերթին ընդդիմությունն է 2004 թվականի գարնանը՝ իր քաղաքական պայքարի եռուն շրջանում, ցույցերի, երթերի, հանրահավաքների ժամանակ, մեղմ ասած, «շրջանցել» օրենքները եւ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք նույնպես խախտել են մարդու իրավունքները»: Ընդհանուր առմամբ, ըստ մեկնաբանի, այս «զեկույցի կոնկրետ բովանդակության ուսումնասիրության հիման վրա կարելի է արձանագրել, որ 2004 թվականին քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ու ազատությունների հարգման բնագավառում լուրջ խախտումներ մեզանում, այնուամենայնիվ, չեն նկատվել»: Միեւնույն ժամանակ, «Հայոց աշխարհ»-ում ընդգծված է. - «Արդեն մոտ ապագայում փաստաթղթում արձանագրված թերությունների մեծ մասից կարելի է խուսափել, եթե ավելի ուշադիր ու հարգալից վերաբերվենք ե՛ւ մեկս մյուսի, ե՛ւ սեփական պարտականությունների հանդեպ՝ նկատի ունենալով Հայաստանի բարդ արտաքին քաղաքական կացությունը եւ դրանով պայմանավորված՝ ԱՄՆ-ի հատուկ ուշադրությունը մեր հանդեպ»:

«Իրավիճակն այնքան է թեժացել, որ ներկայումս Հայաստանում նկատվում է «ռուսական» հեղափոխականների ու «արեւմտյան» հեղափոխականների անզիջում պայքար», - ուրվագծում է «168 ժամ» շաբաթաթերթը: - «Մոսկվան, Արեւմուտքից նախաձեռնությունը խլելու համար, Հայաստանում ինքն է փորձելու նմանակել Ուկրաինայի գործընթացները՝ դրանք վարկաբեկելու նպատակով: Հակառակ դրան, դիտորդները նշում են, որ այդ հարցում Արեւմուտքը բավական դանդաղկոտ է ու բավական իրարարամերժ հայտարարություններ է անում»: «Ի՞նչ անել. ահա այն հարցը, որ հայ հեղափոխականներին ամենեւին չի մտահոգում, քանի որ բոլորի հույսը դրսի աջակցության վրա է», - շեշտում է «168 ժամ»-ի մեկնաբանը: - «Կյանքն արդեն ապացուցեց, որ առաջ քաշելով իշխանափոխությունը, համակարգային բարեփոխումները, Ղարաբաղի հարցը եւ այլ խնդիրներ՝ որպես առաջնային, ընդդիմությունն ու նրա համակիրները անհաջողություն կրեցին, քանի որ դրանք չեն կարող իրական միավորող գաղափարներ դառնալ հասարակության համար: Այդ խնդիրները կարող են դրական լուծվել միայն այն դեպքում, երբ ստեղծվի կոալիցիոն համաձայնությունից որակապես ավելի բարձր հասարակական նոր համաձայնություն՝ իրավական կարգ կառուցելու նպատակով»:

«Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակը ցույց տվեց, որ այսպես կոչված ժողովրդավարական հեղափոխությունները կարող են իրականացնել այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք ռուսամետ չեն եւ կրում են արեւմտյան արժեքներ: Այնպես որ», - բխեցնում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը, - «հայաստանյան ներկայիս ընդդիմությունը ընդդիմությունը չի կարող ծառայել այն նպատակներին, որոնց հանրությունը հույս ունի հասնել քաղաքական փոփոխությունների միջոցով... Երեկ էլ, ահա, իր ռուսական կողմնորոշումը ըստ էության, վերահաստատեց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը` փորձելով դա քողարկել հանրամատչելի բառակույտերով»: Ինչպես ընդդիմադիր «Հայկական ժամանակ»-ում, այնպես էլ իշխանական «Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր արձանագրվում է, որ Ստեփան Դեմիրճյանը նորից ոչ մի հարցի հստակ չպատասխանեց: «Բազմաթիվ կոնկրետ հարցերի միջոցով կոնկրետ պատասխաններ ստանալու փորձերը մեծ մասամբ զուր էին», - նշում է «Հայաստանի Հանրապետության» թղթակիցը: - «Բանախոսը համառորեն հրաժարվում էր վերլուծություններից ու գնահատականներից՝ համարելով, որ դա քաղաքագետների (տեսաբանների) գործն է, ոչ թե պրակտիկ քաղաքական գործիչների, որպիսին ինքն է: Ցանկացած հարց՝ Ղարաբաղից մինչեւ Միացյալ Նահանգներ, ՀԺԿ նախագահը հանգեցնում էր միայն ընտրությունների մասին անընդհատ կրկնվող խոսակցության: Քանի դեռ նա ընդդիմադիր է, դա կարող է եւ անցնել, բայց ի՞նչ կլինի, եթե նա իշխանության հասնի. ունի՞ արդյոք հստակ պատկերացում Հայաստանին նետված մարտահրավերների եւ դրանք հաղթահարելու ուղիների մասին»:

«Ի՞նչն է խանգարում ընդդիմադիր բոլոր ուժերին միավորվել» հարցին «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «168 ժամ»-ի հարցազրույցում պատասխանել է. - «Որեւէ մեկը չի ասում, թե ինչ-որ բան խանգարում է: Դա կոնսուլտացիաների խնդիր է: Պետք է միշտ նայել, թե պրոցեսը որ ուժերը եւ ինչով կարող են ուժեղացնել: Դրա համար մենք հիմա հանդիպումներ ենք ունենում՝ Վազգեն Մանուկյան, Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Մանուչարյան, շուտով հանդիպումներ կլինեն «Հանրապետություն» կուսակցության լիդերի հետ»:

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերահաստատման առիթով «Առավոտ» թերթն այսօր շեշտադրել է. - «Մեր պետությունում դարձյալ իշխում է այլընտրանքի լիակատար բացակայությունը: Եվ այդ առումով անկախ Հայաստանը համարյա չի տարբերվում Խորհրդային Հայաստանից: Մարդ արարածը եղած չարիքներից փորձում է ընտրել նվազագույնը: Հետեւաբար հաճախ նախընտրում է իր պահանջներն այնքան էլ չբավարարող, ոչ ժողովրդավարական, օրինախախտ, կոռումպացված իշխանություններին, քան այն գործիչներին, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Ավելի շուտ՝ գիտեն միայն, որ իշխանություն են ուզում»: «Այս վիճակը իշխանությանը առավել քան ձեռնտու է: Իրականում նա երազում է այնպիսի «մրցակիցների» մասին, ինչպիսին ոչ անհայտ Տիգրան Կարապետիչն է: Եթե այդպես շարունակվի, ապա գյուղական ինքնագործունեության գլխավոր մասնագետը նախագահական ընտրություններում զբաղեցնելու է պատվավոր երկրորդ տեղը: Իսկ նախագահ է հռչակվելու նա, ով այդ պահին ռեալ իշխանություն է ունենալու», - կանխանշում է «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG