Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարի պնդմամբ, Ստամբուլում բնակվող Հայաստանի քաղաքացիների թիվը շուրջ 40 հազար է


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը «Հյուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Էրթեգրյուլ 0զքոկին տված հարցազրույցում ասել է, թե վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ միայն Ստամբուլում բնակվում է Հայաստանի Հանրապետության 40 հազար քաղաքացի:

«Նրանք տարբեր աշխատանքներ են կատարում եւ նրանց մեծամասնությունը շատ լավ հարաբերություններ ունի թուրքերի հետ», - ասել է արտգործնախարարը:

Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խորհրդական Գյունեթ Զափսուն ելույթ է ունեցել Քյոլնում՝ Եվրոպայի թուրք դեմոկրատների միությունում եւ հայտարարել է, որ Թուրքիան անպայման կհաղթահարի Եվրամիությանն անդամակցելուն խոչընդոտող բոլոր բարդությունները: Նա ասել է, թե Եվրամիությունն արծարծում է հայերի «ցեղասպանության», ինչպես նաեւ քրդերի եւ ալլավիների հարցերը:

«Եվրամիությունը փորձում է դա դարձնել օրակարգի հարց այն ժամանակաշրջանում, երբ Թուրքիան առաջխաղացում է արձանագրում», - ասել է վարչապետի խորհրդականը:

Վերջին օրերին թուրք ընդդիմադիրները եւս անդրադառնում այդ թեմային: Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը երեքշաբթի օրը խորհրդարանական խմբակցության նիստում ասել է, թե Եվրամիությունը Հայոց ցեղասպանության հարցը փորձում է դարձնել նախապայման՝ Թուրքիայի անդամակցության համար:

Բայքալը հավելել է, թե եվրոպական մի շարք երկրներ ճանաչել են իր խոսքերով՝ «այսպես կոչված ցեղասպանությունը»:

Բայքալը քննադատել է իշխանություններին՝ ասելով, թե կառավարությունն ակտիվ չի հակազդում: «Մենք մտադիր ենք շուտով այս խնդիրը քննարկել խորհրդարանում», - ասել է Դենիզ Բայքալը:



Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG