Մատչելիության հղումներ

logo-print

Վաշինգտոնը համաձայն չէ դեսպան Էվանսի հայտարարությանը Հայոց ցեղասպանության առնչությամբ


Միացյալ Նահանգների կառավարությունը չորեքշաբթի օրը հրաժարվել է իր վրա վերցնել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսի կողմից Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ճանաչելու պատասխանատվությունը ՝ պնդելով, թե Էվանսը արտահայտել է անձնական տեսակետ եւ դա ամենեւին էլ չի նշանակում, թե փոխվել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը այդ հարցի առնչությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասաց, թե վարչակազմը «նախապես տեղյակ չի եղել, չի հաստատում եւ չի լիազորել» դեսպան Էվանսի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն եւ տեղահանումը որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» որակումը:

«Դեսպան Էվանսի արածը իսկապես իր անձնական նախաձեռնությունն է, որ միանգամայն հակասում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությանը, որը հնչեցրել է մեր նախագահը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց անանուն մնալ ցանկացած պաշտոնյան: - «Ինչպես իր հերքման մեջ ասել է դեսպան Էվանսը, այս հարցում Միացյալ Նահանգների քաղաքականությունը ուրվագծում է նախագահը եւ դա անում է ամեն տարի ապրիլի 24-ին»:

«Նա չի համաձայնեցրել ԱՄՆ կառավարության հետ: Նա իր մեկնաբանությունները չի ճշտել Պետքարտուղարության հետ», - ավելացրեց ամերիկացի պաշտոնյան:

Երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Էվանսը նշել է, թե «ցավում է իր մեկնաբանությունների արդյունքում ձեւավորված թյուրըմբռնումների համար»:

«Օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում էր իմ՝ Ջոն Էվանս անհատի, այլ ոչ թե քաղաքական գործչի տեսակետը», - բացատրել էր դեսպանը:

1981 թվականի ապրիլից ի վեր Էվանսը առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է, ով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները հրապարակայնորեն անվանել է «ցեղասպանություն»: 1981 թվականի ապրիլին դա արել է երկրի նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Նրան հաջորդած բոլոր նախագահները խուսափել են գործածել այդ որակումը:

Ներկայիս նախագահ Ջորջ Բուշը, օրինակ, ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձներում գործածել է հետեւյալ բառակապակցությունները՝ «պատմության մեծագույն ողբերգություններից մեկը», «մոտավորապես 1,5 միլիոն հայերի բնաջնջում»:

«Բուշի հայտարարությունները Միացյալ Նահանգների ցանկացած ուղղությամբ վարվող քաղաքականության մասին ամենահեղինակավոր հայտարարություններն են», - ասաց պաշտոնյան: - «Ուստի, եթե նախագահի քաղաքականությունը չի փոխվել, մեր կառավարությունում չկա մեկ այլ անհատ, որը կարողանար լիազորել դեսպան Էվանսին անել նման հայտարարություններ»:

Այդուհանդերձ, Հայաստանում եւ Սփյուռքում շատերը կարծում են, թե բարձրաստիճան դիվանագետի՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարությունը հազիվ թե պատահական լինի:

Սփյուռքի աղբյուրները ենթադրում են, թե Էվանսը ինքն է ձգտել հրապարակայնորեն հնչեցնել իր մեկնաբանությունները՝ ամերիկահայերի ղեկավարների ուշադրությունը հրավիրելով անկախ հետազոտության եզրակացության վրա, ըստ որի հայերի սպանդը համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայում ցեղասպանության բնորոշմանը: Այդ ուսումնասիրությունը Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի խնդրանքով իրականացրել էր Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնը եւ իր եզրակացությունը հրապարակել էր 2003 թվականի փետրվարին:

«Չի կարելի մտածել, թե դա տեղի ունեցավ պատահաբար», - չորեքշաբթի օրը պնդել է անանուն մի աղբյուր:

Շրջանառվող մեկնաբանություններից մեկը հետեւյալն է. Վաշինգտոնը ցեղասպանության հարցը բարձրացնում է հայ-թուրքական սահմանը վերաբացելու իր ջանքերի շրջանակում: Միացյալ Նահանգները վաղուց ի վեր ապարդյուն հորդորում է Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը:

Բուշի վարչակազմի պաշտոնյան պնդում է, թե նման մարտավարությունը անարդյունավետ կլիներ: «Էվանսի հայտարարությունը ավելի է բարդացնում Հայաստանի եւ Թուրքայի մերձեցումը՝ Թուրքիայի արձագանքի պատճառով», - ասաց նա:

«Իմ վերլուծությամբ, երբ փորձում ես թուրքերին ստիպել, նրանք շատ վատ են արձագանքում: Նրանք կարող են փոխել իրենք հայացքները, եթե ժամանակի ընթացքում հոգնեցնես նրանց: Սակայն նրանց ստիպելը խելամիտ չէ: Մենք պետք է համոզենք նրանց քննել իրենց անցյալը, քայլ առ քայլ ընդունել 1915 թվականի իրոք սոսկալի իրադարձությունները», - ասեց Բուշի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Նա ասաց նաեւ, որ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել սահմանի վերաբացման ուղղությամբ, սակայն չի կարող ասել արդյոք դրանք շոշափելի արդյունքների կհանգեցնեն այս տարի: «Մենք դիմում ենք բոլոր հնարավոր դիվանագիտական նախաձեռնությունների (եւ Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունները քաջատեղյակ են դրանց)՝ հասնելու նրան, որ բացվեն բոլոր սահմանները եւ վերականգնվեն բոլոր դիվանագիտական կապերը: Ես կարծում եմ, մենք առաջընթաց ունենք այդ ուղղությամբ»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG