Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղարության՝ Հայաստանին առնչվող զեկույցին, «Հայոց աշխարհ» թերթը պարզապես բանաձեւել է, թե դրանում տեղ գտած մի շարք խիստ գնահատականները սպասելի էին, քանզի զեկույցները փաստորեն «ազդեցության ու ճնշման միջոց են այն երկրների վրա, որտեղ ԱՄՆ-ը ունի քաղաքական եւ կենսական շահեր»: «Հայոց աշխարհ»-ում կան եւ հակադարձ մեղադրանքներ. - «Պաշտոնական Վաշինգտոնը անուղղակիորեն ազգամիջյան թշնամանք է փորձում հրահրել հայերի եւ եզդիների միջեւ` սեւեռվելով ու արհեստականորեն սրելով, վստահաբար կարելի է ասել, զուտ կենցաղային բնույթի ինչ-ինչ մանր-մունր դեպքեր»: Իսկ «Առավոտ» թերթի ընկալմամբ, այդ զեկույցում արձանագրվող հայաստանյան իշխանությունների բոլոր մեղքերը՝ մարդու ազատությունների եւ իրավունքների մասով, «ցավալիորեն մանր ու պարզունակ են»: «Հետո՞ ինչ, մեկ տարի առաջ ընդդիմության հանրահավաքը ցրեցին ջրցան մեքենաներով, ծեծեցին լրագրողներին եւ արվամոլներին էլ համապատասխան հարգանքով չեն վերաբերվում: Այս ամենը մեր հայրենական չափանիշներով այնպիսի մանրուք է, որին անդրադառնալը պարզապես անհարմար է: Մեզանից յուրաքանչյուրը մարդու իրավունքների հարցում մեր իշխանություններից ավելի լուրջ դժգոհություններ ունի, որոնց մասին ամերիկացիները, չգիտես ինչու, լռում են», - նշում է «Առավոտ»-ը:

«Հայաստանում կառավարող կոալիցիայի պահվածքը փաստորեն ավելի անկանխատեսելի է դարձել, քան անգամ ընդդիմության հավանական դերակատարությունը քաղաքական դաշտում», - լուրջ մտահոգությամբ այսօր վերլուծում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Ընդդիմությունը այնքան խելացի գտնվեց, որ միանգամից փոխեց իր հարձակողական մարտավարությունը՝ սպասելով կոալիցիայի ներսում ծավալվող իրադարձությունների հանգուցալուծմանը... Իսկ կոալիցիան, խնդիրներ ստեղծելով իր ներսում, միաժամանակ լուրջ պրոբլեմների առջեւ է կանգնեցնում նաեւ դաշնակիցներին։ Ժամանակ առ ժամանակ կոալիցիայից հնչող լավատեսական հայտարարությունները ամենեւին էլ չեն շտկում կացությունը»։ «Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ շատերի մոտ առաջացել են նախընտրական տրամադրություններ», - ուրվագծում է մեկնաբանը՝ եզրափակելով. - «Ստեղծված վիճակի մեղավորը հենց ինքը՝ կոալիցիան է, որն իր ներքին հարցերը դարձնելով բոլորի սեփականությունը, անկազմակերպ աշխատանքով քաղաքական դաշտում ստեղծել է անորոշությունների, դժգոհությունների եւ անառողջ սպասումների մի երկար շարք»։

Ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը, երեկ «Օրինաց երկիր»-ի պատգամավորներն այնպիսի ընդդիմադիր պաթոսով եւ ըմբոստությամբ հնչեցրեցին իրենց հայտարարությունները, այնպիսի անկեղծությամբ քննադատեցին տարբեր ոլորտներում իշխանությունների վարած քաղաքականությունը, որ մինչ այդ արդեն հայտարարություններով հանդես եկած ընդդիմադիր պատգամավորներն ամաչեցին իրենց «լայթս» ելույթների համար: «Մինչ հայտարարությունների ժամը, մի քանի հանրապետականի միջոցով «Օրինաց երկիր»-ին փոխանցվեց, որ եթե վարչապետի կամ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հասցեին որեւէ անպարկեշտ բառ, կամ որակում հնչի, ապա կոնտր-հայտարարությունների համար հերթագրված հանրապետականներն «Օրինաց երկիր»-ի մեծ կտորն ականջը կթողնեն», - գրում է «Հայկական ժամանակ»-ի խորհրդարանական թղթակիցը: - «Օրինաց երկիր»-ը իր պատգամավորական հայտարարությունները նախընտրեց տեղափոխել այլ՝ գործադիրի հիմնական գործառույթները «քացու տակ» տալու ոլորտ»: Խորհրդարանի ամբիոնից օգտագործվեց նույնիսկ երգի ժանրը, եւ սա բացատրվում է նրանով, որ կոալիցիոն գործընկերները այլ կերպ հաղորդակցվելու դժվարություններ ունեն. - «Սպասվում է, որ ՀՀԿ-ի պատասխանը կհնչի այսօր: Պատասխանի ժանրը ճշտվում է»:

«Հայաստանում տնտեսական աճը չի զուգորդվում ստվերային տնտեսության կրճատմամբ, ինչը վտանգում է երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը», - շեշտում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը՝ մի շարք հաշվարկներից բխեցնելով, որ «իրականում վերջին չորս տարիներին դրական տեղաշարժ ուղղակի չկա», եւ «հեռու ենք նախագահ Քոչարյանի մատնանշած ցուցանիշներին հասնելուց»:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խմորումները ակտիվանում են» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթում նախանշվում է, որ այս ամսվա վերջին կայանալիք արցախյան պատերազմի մասնակիցների կազմակերպությունների միավորիչ համագումարից հետո ազատամարտիկների նոր ձեւավորվող միավորումը եւս ընտրություններում հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից: «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է. - «ԼՂՀ ընդդիմությունը նախորդ տարի ամռանը տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արդեն տարել է մի քանի խոշոր հաղթանակ: Մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել ԼՂՀ իշխանություններին ընդդիմադիր համարվող «Շարժում-88» կազմակերպության ղեկավար Էդիկ Աղաբեկյանը: Վերջինս համարվում է Արկադի Ղուկասյանի ամենալուրջ հակառակորդը, եւ ընդդիմության պոտենցիալ լիդեր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG