Մատչելիության հղումներ

Կոալիցիոն կուսակցությունները շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել


Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի միջեւ ծագած տարաձայնությունները այսօր իրենց արձագանքը գտան Ազգային ժողովում:

«Օրինաց երկիր» խմբակցության մի քանի պատգամավորներ խիստ քննադատություն հնչեցրեցին կառավարության հասցեին, ուր, ի դեպ, իրենք եւս ներկայացված են երեք նախարարով:

«Մեր իրականությունում տեղ գտած այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են գնահատված արժեքներից տասնապատիկ անգամ ցածր՝ ջրի գնով մասնավորեցումը, պետական սեփականության վաճառքը նախապես հայտնի գնորդներին եւ կասկածելի մրցույթներում ամուր թիկունք ունեցող կապալառուների հաղթանակը», - հայտարարությունների ժամին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ավելացնելով, թե օրինակները բազմաթիվ են:

Նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ավետյանը, խոսելով անցած ամիս Երեւանում տեղի ունեցած զինված բախման («ՏԷՑ-ի կրուգի դեպքը) մասին, ասաց. - «Ցավոք սրտի համապատասխան գերատեսչությունները համապատասխան հետեւություններ անելու ու միջոցներ ձեռնարկելու փոխարեն նորից սկսել են Գյունազ տատի հեքիաթները հրամցնել հանրությանը»:

Քննադատությանը միացան ընդդիմադիր պատգամավորները: «Արդարություն» խմբակցության անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարցեր ուղղեց իշխանություններին, մասնավորապես՝ իրավապահներին. - «Բա ձեր գործակալները ո՞ւր են: Թե՞ նրանք ներդրված են միայն ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում»:

«Իշխանություններն [իրենք] են քննադատում կատարված հանցագործությունները... Ո՞վ է ձեր ձեռքը բռնում... Պայքարե'ք», - իր հերթին ասաց «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր՝ Գագիկ Կոստանդյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG