Մատչելիության հղումներ

«Պետական պաշտոնյայի կապը գործարարի հետ այսօր մեր մեծ խնդիրներից է»


Նախագահ Քոչարյանի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը բնական է համարում վերջին շրջանում հարկային վարչարարության խստացումը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա կարծիք հայտնեց, թե դա ուղղակի արձագանքն է այն բանի, որ գործարարների մի մասը, օգտվելով պաշտոնյաների հետ ունեցած անձնական կապերից, կարողանում է շրջանցել պետական գանձարանը: Մինչդեռ նրանք, ովքեր նման կապեր չունեն, հայտնվում են դժվար կացության մեջ:

«Դա հնարավոր է, եւ, ըստ երեւույթին, այդպիսի դեպքեր կան», - ասաց նա: - «Պարզ է, որ այն գործարարը, որը չունի այդ կապը պաշտոնյաների հետ, իրեն հավասար դաշտի մեջ չի տեսնում»:

«Պետական պաշտոնյայի կապը գործարարի հետ այսօր մեր մեծ խնդիրներից է», - ասաց Ներսիսյանցը:

Այս ամենը, ըստ նախագահի խորհրդականի, խաթարում է մրցակցությունը, խանգարում է շուկաների կայացմանը,սոցիալական ոլորտին եւ ենթակառուցվածքներին պատշաճ միջոցների հատկացմանը, ինչպես նաեւ հուսալի պաշտպանական եւ անվտանգության համակարգերի բավարար ֆինանսավորմանը։

Ստվերային տնտեսությունը եւ կոռուպցիան Ներսիսյանցը անցյալից ժառանգված փտախտի դրսեւորումներ է համարում, որոնք հաղթահարելու համար վարչական, նաեւ քրեական պատժամիջոցների խստացումներ են անհրաժեշտ:

«Եթե պետական պաշտոնյան իր աշխատանքը ազնիվ եւ խղճով իրականացներ, գործարարը պարտադրված չէր լինի հարկերից խուսափելու համար քայլերի դիմել», - ասաց նա:

Վահրամ Ներսիսյանցը ակնհայտ է համարում տնտեսության զարգացման, մասնավորապես, ներդրումների ոլորտում տեղաշարժերը, սակայն, այժմ դրսից Հայաստան են գալիս ոչ այնքան խոշոր, որքան ավելի զանգվածային եւ փոքր ներդրումներ, ինչը նրա խոսքերով, ավելի նման է Իտալիայի ներդրումային մթնոլորտին:

Խոսելով արտաքին տնտեսական խնդիրների մասին, Ներսիսյանցը կարծիք հայտնեց, որ Հայաստանը չի կարողանա պահպանել իր բարձր տնտեսական աճի տեմպերը, եթե հենվի միայն ներքին շուկայի սահմանափակ պահանջարկի վրա։ Նա վկայակոչեց համաշխարհային բանկի գնահատականը, ըստ որի սահմանների փակ լինելը մոտավորապես 30-35 տոկոսով թանկացնում է մեր արտադրանքը։ Ըստ Ներսիսյանցի, այստեղ միակ ելքը գործարարության խոչընդոտների վերացումն է եւ արտահանումների համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG