Մատչելիության հղումներ

Արտգործնախարարների հերթական հանդիպումը հետաձգվել է Օսկանյանի հիվանդության պատճառով


Ինչպես երեքշաբթի օրը ասել է Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների՝ չորեքշաբթի օրը ծրագրված հերթական փուլը հետաձգվել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիվանդության պատճառով:

Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սեդրակ Բեջանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե Օսկանյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ ավելի ուշ նույն Պրահայում:

«Ամեն բան կախված է նախարարի առողջական վիճակից», - ասել է Բեջանյանը:

Վարդան Օսկանյանը հիվանդացել է (ըստ տեղեկությունների՝ մրսածություն ունի) անցած շաբաթ Հասարակածային Գվինեայից վերադառնալուց հետո:

Մամեդյարովը, մինչդեռ, երկուշաբթի օրը արդեն Պրահայում էր: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց արտգործնախարարությունը, գրում են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցնող բանակցությունները կկայանան գալիք հինգշաբթի Փարիզում:

«Ոչինչ չի կարելի բացառել», - այս կապակցությամբ ասաց Բեջանյանը:

Կայանալիք բանակցությունները մաս են կազմում այսպես կոչված «Պրահայի գործընթացի», որը սկիզբ է առել անցած տարի եւ երկարատեւ հակամարտության կարգավորման նոր հույսեր է տվել: Նախորդ հանդիպումից հետո՝ հունվարի 11-ին, Օսկանյանը Պրահայում լրագրողներին ասել էր, թե այդ գործընթացի «երկրորդ փուլը» կարող է որոշիչ լինել:

Զգուշավոր լավատեսություն են արտահայտել նաեւ միջազգային միջնորդները: «Մենք հուսով ենք, որ առաջընթաց կլինի», - փետրվարի 8-ին ասել էր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը, իր հերթին, վերջերս Կալիֆոռնիայում ունեցած իր ելույթում պնդել է, թե ներկա իրավիճակը հարմար է կարգավորման համար, քանի որ մոտակա ամիսներին ընտրություններ չեն նախատեսված ո’չ Հայաստանում, ո’չ էլ Ադրբեջանում:

Դիմելով ամերիկահայերին՝ Էվանսը նաեւ ասել էր. - «Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին»:

Դիվանագետի այդ հայտարարության կապակցությամբ բողոքել էր Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը: Ավելի ուշ նա ասել էր, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները իրեն հավաստիացրել են, թե Էվանսը արտահայտել է իր անձնական կարծիքը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG