Մատչելիության հղումներ

Լիբանանի վարչապետը հրաժարական է ներկայացրել


Երկուշաբթի օրը Լիբանանի վարչապետ 0մար Քարամին ու նրա ղեկավարած ամբողջ կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Լիբանանի հայությունը հորդորում է երկխոսության ճանրապարհով լուծել երկրում ի հայտ եկած ճգնաժամը:

Հազարավոր լիբանանցիներ դուրս են եկել Բեյրութի փողոցները: Գործադուլ են հայտարարել բանկերը, հիմնարկները, կրթական հաստատությունները:

Բողոքի հզոր ալիքը բարձրացել է փետրվարի 14-ին, երբ ահաբեկչական պայթյունի զոհ դարձավ նախկին վարչապետ, մեծահարուստ Ռաֆիք Հարիրին: Թե’ Լիբանանում եւ թե’ արտասահմանում կարծիք է հնչել, թե սպանությունն իրագործվել է Սիրիայի հատուկ ծառայությունների մասնակցությամբ:

Ընդդիմությունն ակնարկել է, թե սիրիամետ վարչապետ 0մար Քարամիի կառավարությունն էլ առնչություն ունի սպանության հետ: Լիբանանցիները Սիրիայից պահանջում են դուրս բերել զինուժը եւ չմիջամտել Լիբանանի ներքին գործերին: Խոսքը Լիբանանում սիրիական 14 հազարանոց բանակի մասին է:

Այս պահին խորհրդարանն արտակարգ նիստում քննարկում է կառավարության անվստահության հարցը: Ոստիկաններն ու բանակը հսկողության տակ են առել Բեյրութի կենտրոնը, լուրջ ընդհարումների մասին տեղեկություններ չկան:

«Ազատություն, ինքնիշխանություն, անկախություն», - սա է օրվա կարգախոսը մի երկրում, որը մի քանի տասնամյակ Սիրիայի ազդեցության դաշտում է: Լիբանանում բնակվող հազարավոր հայեր ուշի-ուշով հետեւում են դրամատիկ զարգացումներին: Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» պարբերականը իր վերջին համարում գրել է. - «Այսօր եկել է զգաստության պահը: Պայքարը չի կարելի փոխադրել փողոց: Հարցը պետք է լուծել միայն դեմոկրատական ճանապարհով՝ խորհրդարանում»:

Հ3Դ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական հարցերի պատասխանատու Հակոբ Բագրատունին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Լիբանանի քաղաքական բոլոր ուժերը միանշանակորեն դատապարտել են Հարիրիի սպանությունը: Երկրում բողոքներ են սկսվել, ընդդիմությունը միավորվել է: Քաղաքական շրջանակները եւ հասարակությունը պահանջում են Ռաֆիք Հարիրիի սպանության գործի անաչառ եւ օբյեկտիվ քննություն: Մյուս պահանջն է՝ իրականացնել Տաեֆի համաձայնագիրը: Հակոբ Բագրատունին մանրամասնեց, որ խոսքը 1989 թվականին Սաուդյան Արաբիայի Տաեֆ ավանում միջազգային միջնորդությամբ կնքված համաձայնագրի մասին է, որի շնորհիվ հաջողվել է վերջ տալ երկիրը քարուքանդ արած քաղաքացիական երկարատեւ պատերազմին:

Տաեֆի քննարկումներին մասնակցել են նաեւ հայազգի երեսփոխանները: Հենց այդ ժամանակ էլ հայությունը ճանաչվել է Լիբանանի 7 հիմնական համայնքներից մեկը եւ ներգրավվել է պետական գործունեության մեջ: Տաեֆի համաձայնագիրը հիմք է ստեղծել Լիբանանում բարեփոխումներ իրականացնելու համար եւ աներկբա հաստատել է, որ Լիբանանն անկախ դեմոկրատական պետություն է, եւ Սիրիան պարտավորվում է հարգել այդ երկրի ինքնիշխանությունը:

Բագրատունին ասաց նաեւ, որ Դաշնակցությունը մասնակցում է ընթացող երկխոսությանը: Ինչպես եւ քաղաքացիական պատերազմի տարիներին, հայությունը որդեգրել է «դրական չեզոքության» քաղաքականությունը: Հ3Դ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն շարունակում է քաղաքական հանդիպումները տարբեր ուժերի հետ: Կարեւորագույն նպատակը միասնականությունը, կայունությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելն է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG