Մատչելիության հղումներ

«Նրանք դա անվանում են «միջադեպ»: Ինձ համար դա ցեղասպանություն է»


«Երբ Թուրքիայի լավագույն գրողը քննական հայացքով նայեց իր երկրի արյունոտ անցյալին, նա դարձավ ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի հերոսը», - Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» թերթում հրապարակած հոդվածում գրում է «Սեւ հրեշտակ. Արշիլ Գորկու կյանքը» գրքի հեղինակ Նուրիցա Մաթոսյանը:

Նա իր հոդվածը սկսում է հետեւյալ թուրքական ասացվածքով. - «Մինչեւ գրիչը չոգեւորի, սուչը չի կտրի»: «Թուրքիայի լավագույն գրչի տերը՝ Օրհան Փամուկը խոսել ու ակոս է բացել իր երկրի խղճի վրա», - գրում է Մաթոսյանը: - «Նրա վերջին վեպը, որ կոչվում է «Ձյուն», գրվել է Ղարսում եւ համեմված է հղումներով այդ նախկինում հայկական քաղաքի հայկական մշակույթին: Փայլուն արձակագիրը, ում ստեղծագործությունները թարգմանաբան հրատարակվել են աշխարհի 20 լեզուներով, բազմաթիվ միջազգային գրական մրցանակների դափնեկիրը Թուրքիայում դարձել է ատելի անձ»:

Փամուկի մեղքը շվեյցարական լրագրերից մեկի հետ հարցազրույցում հնչեցրած հետեւյալ նախադասությունն է. - «Թուրքիայում սպանվել է 30 հազար քուրդ եւ մեկ միլիոն հայ. ինձանից զատ ոչ ոք չի համարձակվում խոսել այդ մասին, ու ազգայնականներն ինձ ատում են դրա համար»:

Այդ հարցազրույցից հետո թուրքական մամուլը հարձակվեց Փամուկի վրա՝ նրան մեղադրելով «երկիրը հեղինակազրկելու եւ ազգային թշնամանք հարուցելու մեջ»: Իսկ նրա ասածները Թուրքիայում որակվեցին որպես «մեծ սուտ»:

Զանգվածային այդ պարսավանքի մեջ միայն մեկ ձայն պաշտպանեց Փամուկին: «1915-16 թվականներին սպանվել է 800 հազարից մինչեւ մեկ միլիոն հայ: Դրանում կասկած չկա», - ասել էր Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը:

Կեսարիայում, մինչդեռ, Փամուկին ներկայացվել են քրեական մեղադրանքներ Թուրքիայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ մամուլի միջոցով մարդկանց «ատելության եւ թշնամանքի սադրելու» համար:

«Մորս ընտանիքը տեղահանվել էր պատմականորեն հայկական Կեսարիա քաղաքից. նախապես սպանել էին ընտանիքի բոլոր տղամարդկանց», - գրում է Նուրիցա Մաթոսյանը:

Նա պատմում է, թե երբ վերջերս ինքը Ստամբուլ էր մեկնել Արշիլ Գորկու (հանրահայտ գեղանկարիչը ցեղասպանության ականատեսներից է եղել) մասին դասախոսություններ կարդալու, իրեն արգելել են գործածել «ցեղասպանություն» բառը՝ փոխարենը խորհուրդ են տվել դա անվանել «միջադեպեր»:

Նա մեջբերում է Ստամբուլում լույս տեսնող թուրքալեզու «Ակոս» հայկական շաբաթաթերթի տնօրեն Հրանտ Դինքի խոսքերը. - «Փամուկը միշտ պաշտպանել է խոսքի եւ մտքի ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները: 90 տարի հայերս եղել ենք վիրավորանքի եւ խտրականության թիրախ: Մենք թրքահունչ ենք դարձրել մեր անունները: Մենք սովորել ենք վերապրել եւ դիմանալ՝ առանց բողոքելու: Գուցե այլեւս ժամանակն է, որ թուրք ժողովուրդն էլ մեզանից սովորի համակերպվել ու դիմանալ»:

Մարդու իրավունքների լիգաների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ակին Բիրդալը, նույնպես Մաթոսյանի փոխանցմամբ, շեշտել է. - «Անկախ նրանից, որ մենք հասել ենք 90-րդ տարեդարձին այն «միջադեպերի», որոնց մասին խոսում է Օրհան Փամուկը, հարցը, անշուշտ, քննարկվելու է ներքին եւ միջազգային մակարդակներով: Փամուկի դեմ ձեռնարկված հարձակումները հարձակումներ են մտածողության դեմ: Փամուկը միայնակ չէ»:

«Փամուկը կտրել է գորդյան հանգույցը: Նա դարձել է Թուրքիայի բոլոր արդարամիտ մարդկանց եւ համայն հայության հերոսը», - եզրափակել է Նուրիցի Մաթոսյանը:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG