Մատչելիության հղումներ

Ջոն Էվանս. «Ցեղասպանություն» բառը արտահայտում էր իմ՝ որպես անհատի, այլ ոչ թե քաղաքական գործչի տեսակետը»


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը երկուշաբթի օրը հանդես է եկել պարզաբանումներով՝ Միացյալ Նահանգներում ամերիկահայ համայնքի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ողբերգության եւ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի մասին» իր կողմից արված բնութագրումների կապակցությամբ:

«Չնայած ես նշել եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հայկական ողբերգության վերաբերյալ չի փոխվել, սակայն օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում էր իմ՝ Ջոն Էվանս անհատի, այլ ոչ թե քաղաքական գործչի տեսակետը: Սա թերեւս տեղին չէր», - ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ դեսպանի, ԱՄՆ քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ արտահայտվում է նախագահի՝ զոհված հայերի հիշատակին նվիրված տարեկան ուղերձով. - «Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչում է Անատոլիայում Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ տեղի ունեցած ողբերգությունը»:

«Մենք ակտիվորեն խրախուսել ենք գիտնականների, հասարակության եւ դիվանագիտության ոլորտներում տարվող քննարկումները 1915 թվականին հայերի դեմ իրագործված բռնի սպանությունների եւ տեղահանման վերաբերյալ, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ տնտեսական եւ քաղաքական երկխոսությունները՝ նպատակ ունենալով օգնել բոլոր կողմերին ընդհանուր հայտարարի գալ այս սարսափելի իրադարձությունների հարցում»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ արված մեկնաբանություններին, դեսպանը մեկ անգամ եւս հնչեցրել է այս հարցոմ ԱՄՆ քաղաքականությունը, ըստ որի Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջոցով:

«Ես խորապես ցավում եմ իմ մեկնաբանությունների արդյունքում ձեւավորված թյուրըմբռնումների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հայտարարության համաձայն, դեսպանը Կալիֆորնիայում հանդիպումներից մեկի ժամանակ «ցեղասպանություն» էր անվանել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները:

«Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն... Կարծում եմ, մենք՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, պարտք ենք ձեզ՝ մեր համաքաղաքացիներին՝ ավելի անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկել այդ հարցը», - ասել էր Ջոն Էվանսը:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ես խոստանում եմ, որ մենք ավելի լավ ենք աշխատելու այդ հարցի ուղղությամբ», - ավելացրել էր նա:

Միացյալ Նահանգներում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի ենթադրությամբ, բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները կարող են մաս կազմել Միացյալ Նահանգների նոր ջանքերի՝ «բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»:

«Վաշինգտոնը կարծես փորձում է շոշափել առկա տրամադրությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է անանուն աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG