Մատչելիության հղումներ

Ջոն Էվանսը գործածել է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը Կալիֆորնիայում հրապարակային ելույթների ժամանակ «ցեղասպանություն» է անվանել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները:

Հինգշաբթի երեկոյան տարածած առանձին հայտարարություններում Միացյալ Նահանգներում հայկական լոբբին ներկայացնող երկու խոշորագույն կազմակերպությունները տեղեկացրել են, որ Ջոն Էվանսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հայտարարության համաձայն, դեսպանը Կալիֆորնիայում հանդիպումներից մեկի ժամանակ ասել է. - «Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն... Կարծում եմ, մենք՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, պարտք ենք ձեր՝ մեր համաքաղաքացիներին՝ ավելի անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկել այդ հարցը»:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ես խոստանում եմ, որ մենք ավելի լավ ենք աշխատելու այդ հարցի ուղղությամբ», - ավելացրել է նա:

«Մենք ողջունում ենք դեսպանի անաչառ մոտեցումը հայոց պատմությանը», - ասել է Հայ Դատի հանձնախմբի տեղական կազմակերպության ղեկավար Ռոքսան Մակասջյանը:

Էվանսի կողմից «ցեղասպանություն» բառի գործածումը ողջունել է նաեւ Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Էնթոնի Բարսամյանը: «Իր հրապարակային մեկնաբանություններում Օսմանյան Թուրքիայի կողմից մեր ժողովրդի բնաջնջման փորձը պատշաճ կերպով բնութագրելու համար դեսպան Էվանսը շարունակաբար օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը», - Լոս Անջելեսում ունեցած ելույթում ասել է Բարսամյանը:

1981 թվականի ապրիլից ի վեր Էվանսը առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է, ով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները հրապարակայնորեն անվանել է «ցեղասպանություն»: 1981 թվականի ապրիլին դա արել էր երկրի նախագահ Ռոլանդ Ռեյգանը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG