Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տեսնելով չորեքշաբթի կառավարության մոտ հավաքված եւ սոցիալական քարտերի դեմ բողոքող թոշակառուների այլայլված դեմքերը՝ ցանկացած մարդ կարող է գլխի ընկնել՝ նրանց ցավը այդ չարաբաստիկ քարտերը չեն՝ աղքատությունն է, թշվառությունը, ստորացած վիճակը», - շեշտադրում է «Առավոտ» թերթը: - «Բայց կան ինչ-որ ուժեր Հայաստանում, որոնք շատ բնական սոցիալական բողոքն ուղղորդում են բոլորովին այլ՝ իրենց եւ իշխանությունների համար ձեռնտու հունով: Եվ թոշակառուները բողոքում են ոչ թե կաշառակեր չինովնիկների, հղփացած օլիգարխների ու անճարակ իշխանավորների, այլ միանգամայն անվնաս սոցիալական քարտերի դեմ»: «Նրանց այդպես կարող են ուղղորդել միայն անհավատ ու անաստված մարդիկ», - որակված է «Առավոտ»-ում:

«Ժառանգություն» կազմակերպության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում ասում է. - «Ընդդիմադիր նոր ձեւաչափ ստեղծելու շուրջ որեւէ հստակություն չկա... Համենայն դեպս, ոչ մի նոր նախաձեռնություն չի փոխարինելու «Արդարություն» դաշինքին, առավել եւս՝ չի քանդելու այն, այլ ամբողջացնելու է պայքարը հանուն Հայաստանի ու նրա քաղաքացիների արժանապատվության ու ազատություն»: «Մարդկանց այն հոսքը, որ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ նույնիսկ առանց կուսակցության գործունեության աշխուժացման վերաբերյալ հրապարակային հայտարարություն անելու, սկսվել է դեպի «Ժառանգություն», հուշում է մեզ, որ թե’ մենք, թե’ ընդդիմադիր մյուս ուժերը կարիք ունենք ամենօրյա տքնաջան աշխատանքի եւ ոչ թե առաջնորդի հարցի շուրջ սակարկություններով զբաղվելու», - կարեւորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Արդեն տհաճ ավանդույթ է դարձել, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացի հերթական «կուլմինացիոն պահի» մոտենալուն զուգընթաց, արտաքին ուժերի՝ Հայաստանի դեմ ուղղվող ճնշումները կամ հորդորները ներքաղաքական կերպարանք են ստանում՝ վերածվելով նրանց ազդեցության գործակալների բերանով հնչող հեղափոխության, իշխանափոխության, հեղաշրջման եւ այլ սպառնալիքների», - խտացնում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ այս առումով ընդգծելով. - «Տարբեր օտար շահերի կերպավորումը հանդիսացող շանտաժիստների ներկա շքահանդեսը վկայում է, որ Հայաստանի համար մոտենում է ոչ թե «հեղափոխության ժամը», այլ արտաքին քաղաքական լուրջ հստակեցումների պահը: Իսկ նման պահերին, անկախ նրանից, թե ի՞նչ է մտածում ընդդիմությունը իշխանության մասին, կամ ընդհակառակը, առաջ է գալիս սեփական ընդհանուր շահը օտարի շանտաժից ու պարտադրանքից տարանջատելու եւ դրա հիման վրա համախմբվելու սուր պահանջը»:

«Իրավունք» թերթի վերլուծականում մատնանշվում են Հայաստանում հասունացող եւ նրան առնչվող արտաքին ճգնաժամերը կառավարելի դարձնելու իշխանության փորձերը. - «Դա արվում է հետեւյալ տեխնոլոգիայով՝ պետության կողմից տոտալ վերահսկողության տակ գտնվող հեռուստաեթերի դռները որոշ չափով բացվում են ընդդիմադիր այն գործիչների առջեւ, ովքեր, այսպես ասած, հեղափոխական մրցավազքում հետ են ընկել: Դրանով ստեղծվում է յուրահատուկ կառավարելի հավասարության եւ համահարթեցման մթնոլորտ, երբ ընդդիմադիր բոլոր հոսանքները բնակչության կողմից ընկալվում են որպես մեկ ամբողջություն, եւ արդյունքում, եթե ընդդիմադիր ճյուղերից մեկը ինչ-որ բան նախաձեռնի ու ձախողվի, ապա այդ ձախողումը հանրային գիտակցությունում վերագրվելու է ամբողջ ընդդիմությանը»: Մյուս կողմից, այստեղ ուշադրություն է սեւեռվում, որ իշխանական դաշտում, ինչպեսեւ միջկլանային հակասությունները օրեցօր սրվում են ու դառնում հրապարակային:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, խորհրդարանում կրքերը բորբոքվում են «աննախադեպ արագությամբ». - «Դատելով Հանրապետական կուսակցությունում առկա տրամադրություններից, նրանք այլեւս որոշել են չհանդուրժել խորհրդարանի, ինչպես իրենք են ասում՝ «Օրինաց երկիր» կուսակցության կցորդի վերածվելու գործընթացը»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի՝ Վիեննայից վարչապետին հղած հեռակա պատասխանին, ասել է. - «Չեմ կարծում, որ վարչապետին պոպուլիզմով պատասխանելը հարիր է պետությանը: Այսօր բավականին լուրջ պետական միջոցներ են ծախսվում ԱԺ նախագահին կից, այսպես կոչված, ինչ-որ խորհուրդներում, որոնք ստեղծելու լիազորություն ԱԺ նախագահը չունի: Խորհրդարանի ողջ իրավաբանական ծառայությունն ու փորձագիտական կազմը զբաղված է «Օրինաց երկիր» կուսակցությանը հասցեագրված, իսկ իրականում՝ իրենց կողմից հորինված նամակներ հավաքելով եւ ԱԺ-ի միջոցների հաշվին կուսակցական շրջագայություններ կազմակերպելով... Ազգային ժողովը վերածվել է «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբի»: Ի պատասխան՝ «Օրինաց երկիր»-ի խմբակցության ղեկավարը լրագրողին ասել է, որ իրենց կուսակցությունում «Գալուստ Սահակյանի որեւէ ասած լուրջ չեն ընդունում»: «Հայկական ժամանակ»-ում նշվում է նաեւ, որ «Օրինաց երկիր»-ը պատրաստվում է ԱԺ նախագահին կից բազմազան խորհուրդների մասնակցությամբ ցույց կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ «Ձեռքներդ հեռու Արթուր Բաղդասարյանից» մոտավոր կարգախոսով:

Ընդհանուր առմամբ, մամուլում արձանագրվում է, որ խորհրդարանի հաջորդ շաբաթվա աշխատանքն էլ վտանգված է: Ըստ «Իրավունք» թերթի, Հանրապետական կուսակցության շրջանակներից իրենց արդեն տեղեկացրել են, որ նրանք մտադիր են այս քառօրյան եւս տապալել:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG