Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը»


«Հաաստանը դեմ չէ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն գտնում է, որ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն», - Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արթուր Բաղդասարյան նշել է, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը եւ այդ շրջագծում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշել է, թե Հայաստանը կողմ է նաեւ Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատմանը, թեեւ Թուրքիան դեռ շարունակում է Հայաստանի տնտեսական շրջափակումը:

Արթուր Բաղդասարյանը Հայնց Ֆիշերին է փոխանցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը եւ վերահաստատել Հայաստան պաշտոնական այցի հրավերը, որի ժամկետները առաջիկայում կճշտվեն:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում Հայաստանի եւ Ավստրիայի համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում եվրաինտեգրման հարցերով միջազգային կոնֆերանս անցկացնելու մասին՝ Ավստրիայի նախագահի անմիջական աջակցությամբ:

Կողմերը անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հիմնահարցին: Ավստրիայի նախագահը նշել է, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցման կողմնակից է եւ պաշտպանում է տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության գաղափարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG