Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Արձագանքելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այն պնդմանը, որ Ազգային Ժողովի նախագահին առընթեր հանձնաժողովների գոյությունը չի համապատասխանում ԱԺ կանոնակարգին, եւ նա հանձնարարել է գործադիր մարմիններին չարձագանքել այդ հանձնաժողովների «թղթերին», ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Նախ՝ լավ չէ, երբ երկրի վարչապետը երկրի ԱԺ նախագահի հետ հաղորդակցվում է մամուլի միջոցով. կան հաղորդակցության ավելի ընդունելի եղանակներ: Երկրորդ՝ նույն հաջողությամբ կարելի է հարցնել՝ ո՞ր օրենքի հիման վրա են ստեղծվում վարչապետին առընթեր խորհուրդները»: «Ինչ վերաբերում է տեղեկատվություն չտալու հրահանգին, ապա յուրաքանչյուր քաղաքացու նման` ԱԺ նախագահը, ինչպես նաեւ նրա կողմից ստեղծված հանձնաժողովները օրենսդրությամբ նախատեսված կարգով իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ պետական մարմիններից: Վերջապես՝ երկրում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց քողարկումը չի նշանակում, որ դրանք չկան», - եզրափակում է խորհրդարանի խոսնակը: - «Խորհուրդներն ապացուցեցին, որ իրենց գործունեությունը հիմնավորված է»:

«Ճանապարհորդում են՝ իրենց չխնայելով» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթն այսօր արձանագրում է. - «Ձմռան այս երկար ու ձիգ օրերին հայրենի խորհրդարանում տիրում է պատգամավորական դատարկություն... Տարաձայնություններ խորհրդարանում լինում են, սակայն, այլեւս միայն պատգամավորական գործուղումների հետ կապված»: Հակառակ Ազգային ժողովի նախագահի հավաստիացումների, համոզիչ չեն թե’ իր շատ այցերի անհրաժեշտությունը եւ թե’ մեր պատգամավորների մասնակցության կարիքը տարբեր երկրներում «ճ» կլասի անհեթեթ սեմինարներին ու կոնֆերանսներին: Ընդ որում, կառավարության անդամների նման, մեր պատգամավորները եւս «գործուղումների մեկնում են այլեւս բացառապես բիզնես կլասով», ինչն առնվազն կրկնապատկում է ծախսը: «Լուրջ վտանգի տակ է նաեւ փետրվարի 28-ի քառօրյան, քանզի այդ օրերին մեր պատգամավորների մի մեծ եւ քվորումի ապահովման համար որոշիչ խումբ, դարձյալ լինելու է դրսերում: Բայց, ինչպես նկատել է պատգամավորներից մեկը՝ որեւէ պրոբլեմ չկա. մերոնք արդեն սովոր են իրար հանդիպել այս կամ այն եվրոպական երկրի սուպերմարկետներում», - ամփոփել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Հայաստանում անպատժելի մարդ չկա: Մենք կաշկանդվածություն չունենք», - ասում է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը «168 ժամ» թերթի հարցազրույցում՝ անդրադառնալով վերջերս Երեւանում գրանցված լայնարձակ զինված բախմանը: Նա նաեւ ձեւակերպում է. - «Ուժային ոլորտը նախագահն է համակարգում, ու, իմ կարծիքով, մենք լիովին տիրապետում ենք իրավիճակին եւ կարգուկանոն ենք հաստատում»: Հովիկ Աբրահամյանը հավաստիացնում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններն էլ, պետք է ամեն ինչ անեն, որ լինեն ազնիվ ու թափանցիկ. - «Մեզ համար կարեւոր չէ, թե ով է լինելու համայնքապետը: Կարեւորն այն է, որ ժողովուրդն ընտրի եւ մեզ համար քիչ խնդիրներ ստեղծի: Ճիշտ եմ ասում, դուք էլ եք կասկածում: Շատ մարդ կա կասկածող, բայց ինձ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու: Կարո՞ղ է ես ինչ-որ բան ասեմ՝ իրենք չանեն», - զարմանում է նախարարը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հիմա էլ պարզաբանել է, որ իր հայտարարած ազգային հեղափոխությունը ապրիլին ոչ թե տեղի է ունենալու, այլ ընդամենը սկսվելու է: «Ըստ Կարապետյանի, հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է կրիտիկական մասսա եւ քաղաքական մոմենտ», - փոխանցում է թերթը: - «Կարապետյանն ընդունում է, որ այսօր Հայաստանում հեղափոխության քաղաքական մոմենտը չէ, բայց կարծում է, որ անհրաժեշտ է ձեւավորել կրիտիկական մասսա եւ համբերատար սպասել քաղաքական մոմենտին»: Նրա հաշվարկով՝ վճռական գործողությունների համար մեզ անհրաժեշտ է «լուրջ ունակություններ եւ գաղափարական պատրաստվածություն ունեցող նվազագույնը 10 հազար մարդ, ովքեր պատրաստ կլինեն բանակային իրավիճակի». - «Այսինքն՝ կանգնել մի քանի գիշեր, անկախ նրանից` ո՞ր կուսակցությունները կմիանան»:

ՍԻՄ նախագահ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ հեղափոխություն սկսելու եւ առաջնորդելու նախաձեռնողները իբրեւ հենարան են դիտարկում «բնակչության այն շերտը, որ փոփոխություններ է ցանկանում հենց վաղը առավոտյան եւ ոչ ավելի ուշ»: «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում նա մասնավորապես զգուշացնում է. - «Անակնկալ ասպարեզ իջածների նկատմամբ պետք է կրկնակի ուշադիր լինել, քան հայտնի գործոնների։ Որովհետեւ նման «անսպասելիությունները» երկնքից չեն իջնում, ինչ-որ մեկն ինչ-ինչ մտադրությամբ նախատեսում է այդ չնախատեսված հանգամանքը»: Ինչ վերաբերում է կողմնորոշումների փոփոխությանը, Հրանտ Խաչատրյանը նշում է. - «Կողմնորոշումների փոփոխության մեջ դժվար է որեւէ ուժի մեղադրել։ Այլ հարց է, որ, օրինակ, Գեղամյանի մոտ քաղաքական կողմնորոշման փոփոխությունը ոչ միայն արտաքին վեկտորի, այլեւ շատ այլ հարցերում բավականաչափ արագ է տեղի ունենում»։

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հեռուստաոլորտը կարգավորող մարմինների ղեկավարների տների, ամառանոցների եւ մեքենաների «ցոփ եւ շվայտ» կյանքի մասին «Գրանդ հոլդինգ»-ի ղեկավար Հրանտ Վարդանյանի մեղադրանքների հետ կապված «Առավոտ» թերթում նրան է ուղղել հետեւյալ աֆորիզմը. - «Հիմարությունն Աստծո շնորհ է, բայց այն չի կարելի չարաշահել»: Ընդհանուր առմամբ, Հրանտ Վարդանյանի պնդումները Գրիգոր Ամալյանը որակում է անհեթեթ եւ ծիծաղելի: Իսկ անդրադառնալով մեղադրանքներին, թե «Հայրենիք» հեռուստաընկերության հանդեպ ցուցաբերվում է խտրական մոտեցում, քանի որ այժմ էլ եթերում շարունակում են անարգել ցուցադրվել համերգներ, երաժշտական հոլովակներ՝ առանց որեւէ արտոնագրման կամ հեղինակային իրավունքների պահպանման, ձեւակերպում է. - «Մենք սկսեցինք «ախոռում ամենամեծ էշից»՝ վերահեռարձակումից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG