Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները կողմ են մայր գազամուղի վաճառքին


Վրաստանի կառավարությունը հանդես է գալիս Ռուսաստանից եկող մայր գազամուղի վաճառքի օգտին, որի իրական գնորդը ներկայումս համարվում է ռուսաստանյան «Գազպրոմ»-ը:

Ռուսաստանյան «Ռոսբալտ» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի պետնախարար Կախա Բենդուկիձեն լրագրողներին հայտնել է, թե Վրաստանը սնող մայր գազամուղի վաճառքը չի վտանգի երկրի էներգետիկ անվտանգությունը:

Գազամուղը՝ «Գազպրոմ» ընկերությանը վաճառելուն դեմ է արտահայտվել ԱՄՆ-ը, քանի որ դրա վաճառքը կվնասի կառուցվող Շահ-Դենիզ գազամուղի շահերին, որը Ադրբեջանից Թուրքիա է անցնելու Վրաստանի տարածքով:

«Եթե հարցը այդքան զգայուն է Շահ-Դենիզի համար, դրա կառուցման կոնսորցիումը նույնպես կարող է դառնալ վրացական մայր գազամուղի իրական գնորդ եւ «Գազպրոմ»-ի հետ մեկտեղ բանակցել Վրաստանի կառավարության հետ», - այդ կապակցությամբ նշել է Կախա Բենդուկիձեն:

Ռուսաստանի գազային հսկան հարցի շուրջ վաղուց ի վեր բանակցում է Վրաստանի իշխանությունների հետ: «Գազպրոմ»-ը գազամուղի համար պատրաստ է վճարել 150 միլիոն դոլար, մինչդեռ վրացական կողմը պահանջում է 300 միլիոն:

Իտալական «La Stampa» թերթի հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նույնպես չի բացառել գազամուղը «Գազպրոմ»-ին վաճառելու հնարավորությունը:

«Ի վերջո, այդ գազը գալիս է Ռուսաստանից», - նշել է Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG