Մատչելիության հղումներ

«Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ իրավիճակը վատացել է»


«2002 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Ադրբեջանի հարցով ռազմավարության ընդունումից հետո մարդու իրավունքների շուրջ իրավիճակը Ադրբեջանում վատացել է», - ասվում է հայտնի Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ Human Rights Watch-ի, 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանը հայտնվել է ծանր ճգնաժամի մեջ, որից այդպես էլ չկարողացավ դուրս գալ. - «Իշխանությունները ավելացրել են քաղաքացիական հասարակության վրա ճնշումը, սահմանափակել քննադատությունը եւ քաղաքական գործունեությունը»:

«2002 թվականին Ադրբեջանի հարցով ՎԶԵԲ ռազմավարության մեջ նշվում է, թե Ադրբեջանում մեծ թիվ են կազմում քաղաքական կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները (ՀԿ): Այդ պահից, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվել է» - ասված է հաղորդագրության մեջ:

2004 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Ադրբեջանում, ըստ իրավապաշտպան կազմակերպության, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումներից:

«Այս ամենը հակասում է Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին, թե իրենք հավատարիմ են ժողովրդավարության եւ բազմակարծության սկզբունքներին, որոնք հիշատակված են Բանկի ստեղծման մասին Համաձայնագրի հոդված 1-ում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը խորհուրդ է տալիս ՎԶԵԲ-ին՝ հաշվի առնելով նշված փաստերը, փոփոխություններ մտցնել Ադրբեջանի հարցով իր ռազմավարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG