Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Ղարաբաղյան շարժման հերթական տարելիցն է


17 տարի առաջ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, որը զուգահեռաբար վերաճեց հզոր համաժողովրդական հաղթական շարժման՝ հանուն անկախ պետականության:

«Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներից անկախ Հայաստանի առաջին վարչապետ, ներկայումս Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով Շարժման նվաճումների մասին, նախ թվարկեց այն խնդիրները, որոնք հայ ժողովուրդը դրեց իր առջեւ՝ զգալով խորհրդային պետության փլուզումը եւ որոշելով կողքի քաշված դիտորդի դերում չլինել:

«Ղարաբաղի հարցում սահմանադրական ճանապարհը լուծում չտվեց, Ադրբեջանը պատերազմ հայտարարեց, մենք հաղթեցինք, եւ առայժմ այդ հարցը պետք է համարենք դե ֆակտո լուծված», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով. - «Ֆորմալ տեսակետից մենք ժողովրդավարական պետություն, ազատ հասարակություն փորձեցինք կառուցել, բայց այստեղ սայթաքեցինք շա'տ»:

Ազատ հասարակություն հարցում «չլուծված խնդիրներ է տեսնում» նաեւ Դաշնակցության ղեկավար անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թվարկելով Շարժման նվաճումները՝ Ղարաբաղյան հաղթանակը, անկախությունը, պետության կայացման հիմնաքարերը դնելը, բանակը, խոսեց նաեւ չլուծված խնդիրների մասին:

«Կան նաեւ չլուծված խնդիրներ, որոնք մեծ մասամբ վերաբերում են ազատության խնդիրներին, ժողովրդավարացման պրոցեսներին, որոնք վերջին ժամանակներս դանդաղ ընթացք են արձանագրում», - ասաց Ռուստամյանը՝ ավելացնելով, որ մեր պետությունը եւ ժողովուրդը այդ ընթացքը արագացնելու «շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած»:

Նա համաձայնեց դիտարկմանը, թե առաջին փորձությունը առաջիկա աշնանը կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրություններն են:

«Եթե մենք միջազգային չափանիշների աստիճան չխորացնենք մեր ընտրական համակարգը բարեփոխելու գործընթացը, մենք կարող ենք շատ տխուր արդյունքների ականատես լինել», - շարունակեց նա՝ մասնավորեցնելով, որ դրանք կարող են դրսեւորվել տարածքներում բախումների տեսքով. - «ՏԷՑ-ի կրուգի ֆոնեմենը կարող է կրկնվել... Սա կանխելու խնդիր կա այսօր»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG