Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 19-ը փետրվարի)

Հերթական տարելիցի առիթով «Առավոտ» թերթի խմբագիրն այսօր գրում է. - «88-ի հեղափոխական Շարժումը ծնեց իր հերոսներին: Ոչ միայն այն գեներալներին, որոնք այսօր կալվածատեր են եւ «ջիպատեր» ու կուրծք են ծեծում, թե իրավունք ունեն, որովհետեւ արյուն են թափել, այլ առավելապես նրանց, ովքեր հիմա էլ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, իսկ պատերազմի մասին համեստ են արտահայտվում՝ «ծառայել եմ»: Նույն Շարժումը, ցանկացած հեղափոխական փոթորիկի նման, վեր բարձրացրեց մարդկային տիղմը, եւ այդ շերտի ներկայացուցիչներից շատերն այսօր օլիգարխ են, իշխանավոր, պատգամավոր»: Խմբագրի համադրմամբ՝ 1998-ին իշխանության եկածները ամեն ինչ արեցին՝ Շարժումը եւ նրա լիդերներին վարկաբեկելու համար, որովհետեւ վախենում են «ռեւանշից». - «1998-ին իշխանությունից հեռացածներն ընկան բարդույթների մեջ ու չեն համարձակվում անցյալին սթափ եւ օբյեկտիվ գնահատական տալ: Իսկ նորմալ, միջին հայաստանցին, հավանաբար, պետք է երազի հանգիստ, բնականոն, բարեկեցիկ կյանքի մասին: Որպեսզի այլեւս երբեք ռոմանտիկ, հերոսական, հեղափոխական ժամանակներ չգան: Դրա անհրաժեշտությունը չլինի»:

Այսօրվա դրությամբ Հայաստանի երկու նախագահների պաշտոնավարման ժամանակահատվածները գրեթե նույնն են՝ յոթական տարի: Համեմատելով նրանց՝ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը ամրագրում է. - «Քոչարյանը Տեր-Պետրոսյանի լրիվ հակադրությունն է: Վառ խարիզմա չունեցող նրա (Քոչարյանի) տիպի մարդկանց համար դժվար է իշխանության գալ, բայց հայտնվելով պետության ղեկին, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր առումներով բարձրության վրա մնան»: Ըստ այս մեկնաբանի՝ Տեր-Պետրոսյանը «ավիրող» էր, Քոչարյանը՝ «արարող», եւ «եթե առաջինը պաշտոնից հեռացավ, երբ իր վարկանիշը ամենացածր նիշին էր հասել, ապա երկրորդը գուցե հեռանա իր վարկանիշի գագաթնակետին»:

«Ուղիղ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Ռոբերտ Քոչարյանը հռչակվեց ՀՀ նախագահ», - բնորոշում է «Հայկական ժամանակ» թերթը: - «1998-ին Քոչարյանին իշխանության բերեց քաղաքական տարրը` գուցե կոշտ, գուցե «ազգային շահերը Սահմանադրությունից վեր դասող», գուցե բռնակալական հակումներ ունեցող, գուցե 19-րդ դարավերջի սկզբունքներով առաջնորդվող, բայց այնուամենայնիվ` քաղաքական տարրը: 2003-ին տեղի ունեցածը, սակայն, ոչ թե քաղաքական ինչ-որ հետադիմական ուժի, այլ սովորական կրիմինալի հաղթանակ էր: Այդ ընտրություններում որոշվեց, թե մարդկային որ տեսակն է իշխելու երկրում, եւ որ տեսակն է որոշելու նրա հետագա ճակատագիրը. այն տեսակը, որ կարողացավ արհամարհել ամեն ինչ եւ բոլորին, մտնել ընտրատեղամաս, ահաբեկել այնտեղ գտնվողներին, եւ քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ»: Այնպես որ՝ ենթադրվող հեղափոխության թիրախը, որի մասին այդքան շատ է խոսվում, «Հայկական ժամանակ»-ի ընդգծմամբ, «իսկապես ոչ թե Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի, այլ կրիմինալը, որին այսօր պատկանում է իրական իշխանությունը երկրում». - «Եվ այս արգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմադիր տարբեր ուժերի, այլ ընդհանրապես բոլոր այն ուժերի համախմբումը, որոնց համար մարդկանց` իրար հետ «դուք»-ով խոսելու կուլտուրան դեռ ինչ-որ բան նշանակում է»:

Ի դեպ, կուլտուրային առնչվող ուշագրավ մի զրույց է այսօր «Առավոտ»-ը փոխանցում «Տարեգիր» էլեկտրոնային թերթից: Ի՞նչ կարծիքի է, օրինակ, պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Եղիշե Չարենցի ստեղծագործության մասին. «Դա ավելի շատ դուք պետք է դաշնակներին դիմեք: Հմի իմ համար մեկ ա՝ Չարենցը, թե ուրիշ գրող: Բայց Չարենցը ի՞նչ ա գրել՝ Մասի՜ս, բարդի՜...»: Առհասարակ գիրք ժխտող իր դիրքորոշումը պատգամավորը հիմնավորում է այսպես. - «Մարդու ուղեղը, ես կարծում եմ, գիտնականների կողմից ապացուցվել է, որ աշխատում է 8-13 տոկոսի չափով: Եթե փորձես քո ուղեղը ծանրաբեռնել այլ-այլ բաներով, ես շատ գիտեմ՝ ինչ-որ մոդելներով, սպորտով կամ այլ բաներով, բնական ա, քո ուղեղը կծանրաբեռնվի, եւ դու քո օրենսդիր գործունեությամբ զբաղվելուց թերի կաշխատես: Ես կարծում եմ, որ պետք չէ ուղեղը ծանրաբեռնել այլ գործով: Այլ պետք է զբաղվես կոնկրետ քո աշխատանքով, որի համար պետությունը վճարում է քեզ»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի վերլուծությամբ, նախահեղափոխական այն մեկնաբանությունները, որ հնչում են ընդդիմադիր լիդերների շուրթերից, վկայում են, որ ընդդիմությունը որեւէ լուրջ քայլ անելու ռեսուրս եւ ցանկություն չունի: Ասենք, այն մեկնաբանությունը, թե իշխանությունն այլեւս չի համարձակվի ծեծել Բաղրամյան պողոտան շրջափակած ցուցարարներին, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում իշխանության վարկանիշը արտերկրում ընկել է, ըստ թերթի, առնվազն ծիծաղելի է: «Ոչ ոք լուրջ չի վերաբերում ապրիլին հեղափոխություն անելու, ասենք, Կարապետյանի խոստմանը, բայց Հայաստանը այնպիսի անհեթեթ վիճակում է, որ հնարավոր է ամեն ինչ», - արձանագրում է մեկնաբանը՝ քաղաքական կյանքի տաղտկալիության մոտակա հաղթահարման դաշտը ամեն դեպքում տեսնելով մեկ այլ հարթության վրա. - «Իշխանության ներսում շարունակվում է գերհետաքրքիր մի պայքար` հանուն Ռոբերտ Քոչարյանի գահաժառանգի կարգավիճակի»:

«Դնելո՞ւ եք, արդյոք, ձեր թեկնածությունը ՀՀ նախագահական հաջորդ ընտրություններում» հարցին «Հայոց աշխարհ» թերթում ներկայացվող հարցազրույցում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատասխանում է. - «Մինչեւ նախագահական ընտրությունները դեռ երկար ժամանակ կա։ Եվ ես, գոնե ինձ համար, որեւէ որոշում դեռ չեմ կայացրել»։ Վերջինիս հայացքով, Հայաստանում խնդիրներ շատ կան, բայց դրանք հեղափոխածին չեն: «Իմ կարծիքն այն է, որ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ այլեւս չպետք է լինեն ոչ միայն մինչեւ 2008 թվականը, այլեւ ընդհանրապես», - ասում է Սերժ Սարգսյան։ - «Ինչ վերաբերում է տարբերակներին՝ «վարդագույն», «նարնջագույն» կամ այլ, ես դա չեմ ընդունում այն պարզ պատճառով, որ այդ բնույթի հեղափոխություն Հայաստանում եղել է 1990ականների սկզբին»։ Մի հարցի ի պատասխան էլ պաշտպանության նախարարը վստահեցնում է, որ երկրի առաջին դեմքերի անվտանգությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG