Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ծառայության ընթացքում ցուցաբերած արիության եւ ինքնազոհության համար լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը հետմահու պագեւատրվել է «Արիության համար» շքանշանով:

«Մենք հույս ունենք, որ դատարանը Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով արդարացի որոշում կկայացնի», - Գուրգեն Մարգարյանի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ շաբաթ օրը ելույթ ունենալով Եռաբլուրում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ըստ «Ռեգնում» գործակալության, Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանում այս քստմնելի ոճրագործությունը ոչ միայն չդատապարտվեց, այլեւ՝ հանցագործը հայտարարվեց ազգային հերոս, իսկ ժողովրդավարության եւ մարդասիրական արժեքների մասին թմբկահարող ադրբեջանական իշխանությունները նույնիսկ հարկ չյհամարեցին ներողություն խնդրել կատարվածի համար»:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կատարված գազանությունը եւ Ադրբեջանի իշխանությունների նման դիրքորոշումը գնահատում է որպես Ադրբեջանի հետեւողական բնույթ կրող հակահայկական եւ ռազմատենչ քարոզչության արդյունք», - ասվում է հայտարարության մեջ: - «Նման քաղաքականությունը հակամարտության կողմերի ազգերի միջեւ ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը մեծ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը»:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայում անգլերենի վերապատրաստման դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանը 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:

Հունգարական դատարանը վերջին նիստում կայացրել էր Ռամիլ Սաֆարովի մեղսունակ լինելու մասին որոշում: Սպանության գործով վերջնական որոշումը պետք է կայացվի դատարանի մայիսին գումարվելիք նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG