Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազը խիստ ելույթ է ունենում դատախազության կոլեգիայում


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ուրբաթ օրը դատախազության կոլեգիայի նիստում խիստ քննադատության ենթարկեց ոչ միայն դատախազության, այլեւ օրինապահ մարմինների մյուս օղակների աշխատանքը:

Հովսեփյանի քննադատության տիրույթում, բացի դատախազությունից, հայտնվեցին նաեւ ոստիկանության, դատական եւ հարկադիր կատարման մարմինները:

Երկրի գլխավոր դատախազը նախ իր մտահոգությունը հայտնեց ոստիկանության հետաքննիչների աշխատանքի կապակացությամբ. օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում քննությունն իրականացվում է թերություններով, ինչը էապես բարդացնում է հետագայում իրականացվող նախաքննությունն ու հանցագործության բացահայտումը:

«Հետաքննիչը, չունենալով անհրաժեշտ մասնագիտացում, աշխատանքային փորձ, դեպքի վայր է մեկնում, վատորակ տեղազննություն է կատարում, կատարում է վատորակ հարցաքննություններ... եւ իր գործողություններով փաստորեն չի նպաստում առավել արդյունավետ սկզբնական գործողությունների կատարմանը», ասաց Հովսեփյանը՝ շեշտելով, որ 10-օրյա ժամկետից հետո «վատորակ քննված» գործը անցնում է դատախազության քննիչներին:

Սրա պատճառը երկրի գլխավոր դատախազը տեսնում է ոստիկանության հետաքննություն իրականացնող բաժիններում ոչ պրոֆեսիոնալ մասնագետների առկայությամբ: Հովսեփյանը համակարգի աշխատողներին հանձնարարեց ոստիկանապետերի հետ միասին աշխատել այդ ուղղությամբ:

Շարունակելով՝ Աղվան Հովսեփյանը ասաց, որ ըստ կատարված ուսումնասիրությունների, տեղերում հարուցվում են աննշան գործեր՝ հատկապես անչափահասների նկատմամբ, կամ, ասենք, հարեւանների միջեւ ծագած վեճերի առիքով:

«Առանձին ոստիկանապետեր, ոստիկանության քննիչներ, դատախազության քննիչներ, դատախազներ ավելի խորացել են հարեւանների ու բարեկամների հարաբերություններում», - ասաց նա՝ ցուցում տալով նման գործեր (հատկապես անչափահասների հետ կապված) պարզապես չհարուցել:

Հայաստանի գլխավոր դատախազին անհանգստացնում է նաեւ 2004 թվականին նախարդ տարվա համեմատությամբ հանցագործությունների թվի նվազումը:

«Քանի դեռ ես չգիտեմ այդ նվազման պատճառները», - բացատրեց նա: - «Եթե դատախազը չգիտի, թե ինչ պատճառով, ինչի շնորհիվ, ինչի արդյունքում է մարզում, համայնքում հանցավորությունը նվազել, դա ինձ անհանգստացնում է... Դատախազը պետք է ուսումնասիրի եւ պարզի այդ նվազման պատճառները»:

Նա չբացառեց, որ նման նվազումը կարող է տեղ գտնել «այս կամ այն հանցատեսակները թաքցնելու, չգրանցելու պատճառով»:

Հովսեփյանը անդրադարձավ նաեւ դատարանների գործունեությանը՝ նշելով, որ կան դեպքեր, երբ անտեղի ձգձգվում են դատավարությունները: Օրինակ, Ավան - Նոր Նորք համայնքի առաջին դատարանում սպանության մի գործով դատաքննությունը տեւել է 4.5 տարի, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 11 ամիս է տեւել ավտովթարի վերաբերյալ գործը՝ պարզելու տուժողի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը: Նման դեպքերում, ըստ Հովսեփյանի, պարզապես բացակայում է մեղադրող դատախազի հսկողությունը:

«Այդ դատախազներն իրենց տեղում չեն», - եզրակացրեց Հովսեփյանը:

Քննադատության արժանացան նաեւ դատարաններում կայացրած դատավճիռները: Գլխավոր դատախազը հարց ուղղեց ներկաներին, թե ինչո՞ւ են նրանք հանդուրժում դա:

Իսկ դատավճիռների հարկադիր կատարումն իրականացնողները, ըստ գլխավոր դատախազի, իրենց արդեն հանրապետության նախագահի լիազորություններ են «շնորհել»՝ անձին ազատելով պատժի կրումից:

«Ընդամենը տուգանքի եք դատապարտում անձին, որը ինչ-որ մեկը ուղղակի որոշում է կայացնում եւ ազատում նրան պատժի կատարումից.... Ձեր հեղինակությունը ո՞ւր է... Ձեր թասիբը թույլ չի տալիս՝ գնաք ստուգեք՝ վերացնեք այդ որոշումները», - ասաց նա:

Հովսեփյանը նաեւ ասաց, որ խստորեն հետեւելու է, որ կատարվի օրենքի պահանջը եւ դատախազության աշխատակիցները չզբաղվեն գործարարությամբ:

«Անթույլատրելի է, որ դատախազության աշխատողը զբաղվի բիզնեսով, տնտեսական գործունեությամբ: Սա արգելված է Հայաստանի Հանրապետության «Դատախազության մասին» օրենքով: Մի շարք դեպքերում մենք ուղղակի կադրերի բաժնին հանձնարարել ենք, որ առաջարկեն՝ կամ քո բիզնես, կամ դատախազության մարմինները... Այնպես էր, այդ անձինք թող կողմնորոշվեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG