Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ո’չ ավելորդ լավատեսություն, ո’չ էլ պարտվողական տրամադրություններ» վերնագրով «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասում է. - «Եթե որեւէ մեկն ակնկալում էր, թե պետք է Միացյալ Նահանգները կամ այդ երկիրը ներկայացնող պաշտոնյան հայտարարությամբ հանդես գար, թե իրենք ճանաչում են այսօրվա փաստացի իրավիճակը՝ ճանաչում են Ղարաբաղի անկախությունը, կամ՝ եվրոպական կառույցներում քննարկումների ժամանակ պետք է ասեին, թե ամեն ինչ լավ է, եւ քննարկման հարց չկա, ապա ես համարում եմ, որ այդ մարդիկ ոչ միայն անհարկի լավատես են, այլեւ ուղղակի քաղաքականությունից այնքան էլ չեն հասկանում... Չէի ցանկանա, որ այս իրադարձություններից հետո մեր մամուլում տեղ գտած անդրադարձների բովանդակությունը կամ մեր հասարակության մեջ տիրող իրավիճակը նմանվեր 1992 թվականի իրադրությանը, երբ շատերը համարում էին, թե Ղարաբաղն արդեն կորսված է, որ Ղարաբաղն ի վիճակի չէ Հայաստանի հետ մեկտեղ պայքարել Ադրբեջանի դեմ, եւ դրանից բխող քայլեր էին անում: Համարում եմ, որ այսօր ադրբեջանցիների հետ բանակցություններն ընթանում են կոշտ պայմաններում, եւ այն հայտնի սկզբունքները, որոնցով մենք ղեկավարվում ենք՝ սկսած 1998-ից, անպայման եւ մշտապես պետք է լինեն մեր քաղաքական ուղենիշը»: «Ադրբեջանցիները անկարող են ռազմական ճանապարհով լուծելու Ղարաբաղի խնդիրը», - խորապես համոզված է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով. - «Եթե նրանք իրո՛ք ի վիճակի լինեին, դրանում իրո՛ք համոզված լինեին, ապա որեւէ մեկից թույլտվություն չէին հարցնի: Եվ չեմ կարծում, որ այս պարագայում կգտնվեին շատ երկրներ կամ միջազգային կազմակերպություններ, որոնք կոշտ միջոցներ կձեռնարկեին դրա դեմ: Վստահ եմ, որ այսօր մեր բանակը շատ ավելի հզոր է, քան երբեւէ»:

«Իրենց արժանապատիվ պահելու համարձակություն կարող են դրսեւորել միայն անկախ պետությունները: Ասենք՝ Վրաստանը: Իսկ Հայաստանն, իրոք որ, առայժմ ընդամենը ֆորպոստ է», - խտացրել է «Առավոտ» թերթը այն առիթով, որ վրացիները վիրավորվել են, երբ Ռուսաստանի արտգործնախարարը մերժել է ծաղկեպսակ դնել Վրաստանի միասնականության համար զոհվածների հուշահամալիրին»: «Տեսչական այց ֆորպոստ» վերնագրի տակ «168 ժամ» թերթն էլ ուշադրություն է սեւեռում, որ երեկ Երեւանի օդանավակայանում Սերգեյ Լավրովը «լեզվի սայթաքում» թույլ տվեց «Ժվանիայի սպանությունը» արտահայտությամբ:

«Հայաստանի վիճակագրական վարչությունը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին փայլուն թվային պատկեր ներկայացնելուց հետո որոշել է նաեւ թեթեւացնել մեր քաղաքացիների տրամադրությունը հետեւյալ խորհուրդներով», - փոխանցում է այսօր «168 ժամ»-ը. - «Աշխատիր, իբրեւ փողի կարիք չունես, ապրիր, կարծես դրախտ է երկիրը, ուրախացիր, ասես հավատում ես Վիճվարչության տվյալներին»:

Անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների ֆինանսական-դոլարային մտահոգություններին ու այդ առիթով Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խորհրդածություններին՝ նոր մտածողություն սերմանելու մասին, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը շեշտում է. - «Մինչ պետական կառույցները զբաղված են մի քանի կլաների շահերի սպասարկմամբ՝ բացահայտ արհամարհելով բնակչության մեծամասնությանը, վերջինս էլ արդեն պետությունից ոչինչ չի սպասում եւ նրա որեւէ հավաստիացում լուրջ չի ընդունում: Այնպես որ», - ամփոփում է մեկնաբանը, - «նոր մտածողության հետ կապված մեզ մոտ ամեն ինչ կարգին է, եւ Կենտրոնական բանկի նախագահը կարող է չանհանգստանալ՝ իր վերընտրությանը ոչինչ չի սպառնում»:

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի տարբեր ներկայացուցիչներ հանդիպումների շարք են սկսել ընդդիմադիր դաշտում գործող գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ ապրիլին ժողովրդական մեծ շարժում սկսելու համար: Այս դաշինքի մի ներկայացուցիչ լրագրողին ասել է. - «Անհրաժեշտ է օգտագործել ընդդիմադիր դաշտում գտնվող յուրաքանչյուրի ներուժը. ՀՀՇ-ն ունի ինտելեկտուալ մեծ պաշար եւ դրսի կապեր, ՀԺԿ-ն ունի մասսայական միջոցառումներ կազմակերպելու ներուժ, «Հանրապետությունը» պետք է ապահովի երկրապահական ուժի աջակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» դարձյալ ժողովուրդ բերելու իր ներուժը: Մի խոսքով... մենք կրկնելու ենք 2004-ի ապրիլի 12-ը, սակայն վերջաբանն այս անգամ հաստատ հաղթական է լինելու»: «Ավանդներ, վստահության հանրաքվե, երկրում սկիզբ առած կրիմինալ բեսպրեդել, ԼՂ հարց, ինչպես նաեւ սոցիալական բազմաթիվ այլ հիմնախնդիրներն ունենալով իրենց օրակարգում, մարզերում եւ մայրաքաղաքի համայնքներում միասնական հանրահավաքներ անցկացնելուց հետո, միասնական ընդդիմությունն ապրիլի երկրորդ կեսին (նախատեսված է 12-15-ի սահմաններում) ժողովրդին կոչ կանի դուրս գալ փողոց ու շարժվել Բաղրամյան պողոտա՝ ռեւանշ վերցնելու համար: Իսկ եթե իշխանությունը որոշի կրկնել 2004-ի ապրիլի 12-ի իր գործելաո՞ճը: Պարզվում է, այս հարցը եւս քննարկվել է «Արդարություն» դաշինքում: «2005-ի ապրիլն էականորեն տարբերվելու է 2004-ի ապրիլից. այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների դիրքերն արտաքին աշխարհում հավասարվել են զրոյի», - մտածում են այնտեղ: - «Իշխանություններն իրենք չեն դիմի ջրցանների օգնությանը, հրաշալի հասկանալով, որ այս անգամ արտաքին աշխարհը դա չի ների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG