Մատչելիության հղումներ

Նոր սկանդալ ռուս-վրացական հարաբերություններում


Երեկ ուշ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Զվարթնոց» օդանավակայանում հայաստանյան իր հանդիպումների մասին որոշակի մանրամասներ չհաղորդեց՝ բավարարվելով դիվանագիտական ընդհանուր ձեւակերպումներով: Փոխարենը նա անդրադարձավ վրաց-ռուսական հարաբերություններին:

Լավրովը ստիպված եղավ մեկնաբանել իր անվան հետ կապված կիսասկանդալային իրավիճակը, որը Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի:

Խոսքը Ռուսաստանի արտգործնախարարի հայաստանյան այցից անմիջապես հետո Վրաստան կատարելիք այցի մասին է: Ռուսական կողմը դիմել էր Վրաստանի արտգործնախարարությունը՝ խնդրելով փոխել Սերգեյ Լավրովի այցի ծրագիրը՝ դրանից հանել Լավրովի այցը Աբխազիայում եւ Օսիայում զոհված վրաց զինվորականների հուշարձան:

Ըստ «Ֆրանսպրես» գործակալության, Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է իր ռուս գործընկերոջը այս խնդրանքի համար:

«Մենք չենք հասկանում՝ ի՞նչ է ուզում այն երկիրը, որը բարեկամական այցի շրջանակում այնքան հասունություն չի ցուցաբերում, որ հարգի զոհվածների հիշատակը», - ասել է Զուրաբիշվիլին՝ հայտարարելով նաեւ, որ վրացական կողմը որոշել է Լավրովի այցը պաշտոնականից դարձնել աշխատաքնային:

Լավրովի հրաժարվելը այցելել Աբխազիայում եւ Օսիայում զոհվածների հուշահամալիր Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանությունում բացատրել են ռուսական մամուլում սուր քննադատության հնարավորությամբ:

«Ես հույս ունեմ, որ Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունը արհեստական խոչընդոտներ չի ստեղծի երկու երկրների հարաբերությունների զարգացման ճանապարհին», - Երեւանում հայտարարեց Սերգեյ Լավրովը:

Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի արտգործնախարարը կարճ ճեխպազրույցի ընթացքում թույլ տվեց լեզվի սայթաքում: Պատասխանելով հարցին՝ քննարկելու են արդյոք կողմերը վերջին ողբերգական իրադարձություններից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակը, Սերգեյ Լավրովը ասաց. - «Նկատի ունեք Ժվանիայի սպանությունը՞… Ժվանիայի մահը՞»:

Ռուսաստանի արտգործնախարարը այնուհետեւ ավելացրել է, որ ռուս-հայկական բանակցությունների օրակարգով այլ պետությունում տիրող իրավիճակի քննարկում նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG