Մատչելիության հղումներ

«ԼՈՒԿՕՅԼ»-ը չեղյալ է հայտարարել համաձայնագիրը Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ


«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ) եւ ռուսաստանյան «ԼՈՒԿՕՅԼ» նավթային ընկերությունը չեղյալ են հայտարարել Զիխ-Գովսանի հանքավայրի շահագործման մասին համաձայնագիրը:

ԱՊՆԸ օտարերկրյա ներդրումների վարչության պետի տեղակալ Դավուդ Յաղուբովի խոսքերով, պատճառը պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու «անհնարինությունն է», ինչպես նաեւ կողմերի միջեւ առկա տարաձայնությունները:

Զիխ-Գովսանի հանքավայրի շահագործման մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2001 թվականի հունվարին, սակայն ուժի մեջ այդպես էլ չէր մտել: 2003 թվականին «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունը արդեն սպառնացել էր չեղյալ հայտարարել համաձայնագիրը՝ պատճառաբանելով նախագծի ոչ շահավետ լինելը:

«ԼՈՒԿՕՅԼ»-ի գնահատմամբ, 250-300 միլիոն դոլար ընդհանուր ներդրումների դեպքում ռուսական կողմը պետք է բնապահպանական խնդիրների վրա ծախսեր շուրջ 100 միլիոն: Նախագծի շահավետությունը բարձրացնելու նպատակով «ԼՈՒԿՕՅԼ»-ը առաջարկել էր ավելացնել իր մասնաբաժինը (նախնական՝ 50-50 փոխարեն) կամ արտահանվելիք նավթի ծավալը, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր այդ առաջարկը:

2003 թվականից Ադրբեջանն ինքնուրույն է իրականացնում հանքահորի շահագործումը, սակայն Դավուդ Յաղուբովը չի բացառել, թե նախագծի իրականացման համար կգտնվեն նոր ներդրողներ:

Նշենք, որ Ադրբեջանը Զիխ-Գովսանի» հանքավայրը բացել էր 1990-ականների կեսերին: Նավթի գումարային մնացորդային ծավալներն այստեղ գնահատվել են 20 միլիոն տոննա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG