Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր նոր միավորման ձեւավորման գործընթացը «մոտենում է ավարտին»


Մեկ տարի առաջ կազմավորված Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե «ընդդիմության կոնսոլիդացման նպատակով բանակցությունները Հայաստանի ազատական առաջադիմական, «Ժառանգություն» (Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ) եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եւ նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցություններ միջեւ մոտենում են ավարտին:

Երկրին, Հովհաննիսյանի համոզմամբ, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

«Դա կարծում եմ, որ շատ հեռու չէ... Կարծում եմ ամիսների խնդիր է», - հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանը:

«Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը ընդամենը մեկ տարեկան է եւ շարունակում է գործել, գոյություն ունենալ, որովհետեւ երկիրը քաղաքական եւ տնտեսական անկայուն իրավիճակում է», - ասաց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախկին Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ իրենց կուսակցության հիմնադիր համագումարում՝ մեկ տարի առաջ արված կանխատեսումները մեծ մասամբ իրականացել են:

«Իսկապես իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի առջեւ», - հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանը: - «Պիտի ընդունենք, որ մեր արտաքին քաղաքական իրավիճակը դեֆոլտի մեջ է»:

2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պատճառ դարձան, որ Հայաստանը հայտնվի նման իրավիճակում: Եվ արդյունքում Հայաստանը կորցրեց իր դերն ու նշանակությունը տարածաշրջանում, դուրս մնաց աշխարհաքաղաքական զարգացումների գործընթացից:

«Իշխանությունները կարողացան Հայաստանը հանել ոչ միայն աշխարհի քարտեզից, այլեւ մեր տարածաշրջանի քարտեզից», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ պնդելով, թե երկրի ներսում նաեւ տնտեսական ու խորհրդարանական ճգնաժամ է:

«Մեր իշխանավորների սեղանին [այսօր] քաղաքական լուծումներ չեն դրված», - հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանը: - «Նրանց սեղանին դրված են տղայական, ախպերական լուծումներ»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում էլ, ըստ Հովհաննիսյանի, լուրջ խնդիրների առջեւ ենք կանգնած: 1998-ի իշխանափոխությունից հետո այս հարցում շրջադարձ է եղել, ու նորից «ունենք կորուստներ»:

«Այսօր Հայաստանին պետք է թայմ աութ Ղարաբաղի հարցում… Իսկ թայմ աութը իսկապես իշխանափոխություն է», - ասաց նա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG