Մատչելիության հղումներ

Այսօր երկօրյա այցով Երեւան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը


Չորեքշաբթի ուշ երեկոյան Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Կովկասին եւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, ծաղկեպսակ կդնի 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Ծրագրված է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպումը Սլավոնական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

«Համակովկասյան համագործակցության համար անհրաժեշտ է ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, նա մեկ անգամ եւս հնչեցրել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում, ըստ որի՝ «կողմերն իրենք պետք է ընդունեն բոլորի համար ընդունելի լուծումը, իսկ Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել ամենաակտիվ աջակցությունն այս հարցում՝ նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են նաեւ Հայաստանի տրանսպորտային խնդիրները, ինչպես նաեւ վառելիքի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:

«Վերջին տարիներին Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ կրում են ռազմավարական գործընկերության բնույթ», - նշել է դիվանագետը՝ ավելացնելով, թե կողմերը քննարկելու են նաեւ ԱՊՀ եւ Հավաքական անվտանգության խորհուրդ կազմակերպության շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG