Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը մերժում է Թուրքիայի հետ երկխոսության առաջարկը


Երեւանում հրավիրած ասուլիսում երկուշաբթի օրը Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի համանախագահ Քահան Սոյակը իր անունից Դաշնակցությանը հրավիրեց Թուրքիայի հետ երկխոսության: Դաշնակցություն ղեկավար անդամ, Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում այդ կապակ ասաց հետեւյալը. - «Այսօրվա Թուրքիան իր կեցվածքով, ե’ւ Ցեղասպանության հարցով, ե’ւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ քաղաքականությամբ ասելիք չունի, որպեսզի Դաշնակցությանը հրավիրի երկխոսության»:

«Որեւէ պաշտոնական առաջարկ, որեւէ պաշտոնական հիմնավորված փաստաթուղթ Դաշնակցությունը չի ստացել: Եվ չեմ պատկերացնում, թե տվյալ անձնավորությունը ընդհանրապես ում է ներկայացնում, ինչ խնդիրներ է այստեղ հետապնդում ու որքանով համաձայնեցված եւ հիմնավորված են նրա առաջարկությունները», - ավելացրեց նա:

Թուրք գործարարին ավելի մոտիկից ճանաչողները, այնուամենայնիվ, հավաստիացնում են, որ Սոյակն անկեղծ է իր տեսակետներն արտահայտելիս. նա իսկապես փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել:

Երեկվա ասուլիսից պարզ չդարձավ, այդուհանդերձ, թե արդյո՞ք Սոյակը իշխանությունների կողմից լիազորված էր երկխոսության հրավիրելու հայոց ավանդական կուսակցությանը մի երկրի հետ, որի իշխանությունները շարունակում են պահպանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իրենց կոշտ դիրքորոշումները: Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հրավերը: Արդյո՞ք պարզապես բարի կամքի դրսեւորում հայ-թուրքականա հարաբերությունների կարգավորման գործընթացում ինչ-որ փոփոխություն կատարելու համար, թե նպատակները հեռահար էին` պարզել հայ հասարակության եւ հատկապես Դաշնակցության մտադրություններն ու ներկա դիրքորոշումները այս հարցում:

«Դաշնակցությանը երկխոսության հրավերի առաջարկությունը շատ ավելի լուրջ առաջարկություն է, եւ չի կարող հենց այնպես գրավոր փաստաթղթի ձեւով ուղարկվել: Որովհետեւ երկխոսության համար պետք է նշվեն թեմաները, իսկ այդ թեմաները Դաշնակցության համար իր համար շատ վաղուց հստակեցրել է», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեւոն Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ երկխոսության նման հրավերներ եղել են 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի 70-ականներին: - «Ժամանակ առ ժամանակ Դաշնակցության հետ թուրքական տարբեր իշխանություններ փորձել են խոսակցություն սկսել, բայց Դաշնակցությունը միշտ ընդհատել է այդ խոսակցությունները, երբ պարզել է, որ անկեղծ չեն իրենց նկատառումներում եւ իրենց քաղաքականության մեջ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG