Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերությունը բանակցում է Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ հետ


Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը, ամենայն հավանականությամբ, մոտ է Հայաստանում ունեցած սեփականության վերավաճառքի գործարքին։

Անցած շաբաթ «Հայկական ժամանակ» օրաթերթը, վկայակոչելով «վստահելի աղբյուրներ», փոխանցել էր, թե Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերության հետ սկզբունքային համաձայնութուն է կայացրել «Հայցանց»-ի վաճառքի շուրջ ։ Նունիսկ նշվել էր գործարքի գինը՝ 80 միլիոն դոլար: Թերթը նաեւ փոխանցել էր, թե գործարքի մասին հայտարարությամբ կողմերը հանդես կգան ապրիլին։

«Հայցանց»-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանտու Մարգարիտ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հերքել էր լուրը:

Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը այսօր փոխանցել է, որ հայաստանյան թերթի հրապարակումից հետո «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերությունը ստիպված է եղել հանդես գալ պարզաբանմամբ եւ հայտարարել, թե «ուսումնասիրում է Հայաստանի բաշխիչ ցանցերը գնելու հնարավորությունները»:

«Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը իրոք դիմել է մեզ հայաստանյան բաշխիչ ցանցերում իրենք բաժնետոմսերի փաթեթը վաճառելու առաջարկով», - «Իզվեստիա»-ին ասել է ռուսաստանյան էներգահոլդինգի մամուլի քարտուղար Թիմուր Բելովը:

Իսկ «Վեդոմոստի» թերթին «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության ներկայացուցիչը ասել է, որ ընկերությունը արդեն բանակցություններ է վարում «Միդլենդ»-ի հետ:

«Սակայն գործարքի ավարտի մասին խոսելը դեռեւս վաղ է», -ավելացրել է նա՝ հիշեցնելով նաեւ, որ գործարքը հնարավոր է միայն Հայաստանի կառավարության համաձայնության դեպքում: Ըստ պայմանագրի, «Միդլենդ»-ը կարող է ինքնուրույն վաճառել բաժնետոմսերի միայն 25 տոկոսը, իսկ մնացած 75 տոկոսը վաճառելու համար անհրաժեշտ է կառավարության համաձայնությունը:

«Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերությունը Հայաստանում արդեն ունի հետեւյալ ակտիվները. Սեւան- Հրազդան կասկադի 5 ՀԷԿ-երը, Հրազդանի ՋԷԿ-ը, ինչպես նաեւ հինգ տարով ընկերությանն է տրված Հայկական ատոմակայանի կառավարումը:


Ատոմ Մարգարյան եւ Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG