Մատչելիության հղումներ

logo-print

«Ա1+»-ի տնօրենի ներկայացրած հայտը կրկին մերժվեց՝ այս անգամ ռադիոհաճախականությունների մրցույթում


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) այսօր հրապարակեց երկու ռադիոհաճախականությունների համար հայտարարված մրցույթների արդյունքները: Երկու հաճախականությունների համար էլ դիմած «Էմ Էս Էքսփլորեր» ընկերությունը, որի հիմնադիրներն են «Հանուն բաց հասարակության» կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանը եւ գրեթե երեք տարի առաջ (2002 թվականի ապրիլին) եթերից դուրս թողնված «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, պարտվեց:

ՀՌԱՀ-ի անդամների քվեարկության արդյունքում հաղթեցին «Ավրորա» եւ «Ավտոռադիո» ընկերությունները՝ երկու դեպքում էլ 3-ական միավորով ավելի ստանալով «Էմ Էս Էքսփլորեր»-ից:

Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, հակադարձելով լրագրողներից մեկի հարցին, թե «Ա1+»-ի հետ որեւէ առնչություն ունեցող ցանկացած ընկերության պարտությունը կանխագուշակելի էր, ասաց. - «Գուցե կանխագուշակի է ձեր համար»:

Ամալյանը շարունակեց՝ բացատրելով, թե Մեսրոպ Մովսեսյանի եւ Ստեփան Դանիելյանի հիմնադրած ընկերության առաջարկները զիջում էին երկու մրցակիցների հայտերին թե’ առաջարկված տեխնիկական լուծումներով, թե’ ֆինանսական միջոցներով:

«Բավարար ներկայացված չէին [մրցակիցների համեմատությամբ] տեխնիկական լուծումները եւ դրանց համապատասխան ապահովման [լուծումները]», - փաստարկեց ՀՌԱՀ-ի նախագահը:

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, ի հեճուկս այսօրվա մրցույթի արդյունքների, ասաց. - «Բոլոր մրցույթներին դիմելու եմ եւ հանգիստ չեմ թողնելու պարոն Ամալյանին»:

«[Այս մրցույթը] միայն հստակեցրեց մի բան, որ սա անձնական թշնամություն է ոչ միայն պարոն Ամալյանի կողմից», - համոզմունք հայտնեց Մովսեսյանը՝ ասելով, թե ՀՌԱՀ-ի ամբողջ կազմը «Ամալյանի դրդմամբ» աշխատում են «հստակ սխեմայով»: - «Այդ սխեմայի հեղինակն էլ է ինձ համար պարզ, եւ դրա շարունակությունը նա է, որ ինչպես եղել է «գրպանի» ՀՌԱՀ կազմը, այնպես էլ կմնա նախագահի գրպանում»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG